Մատչելիության հղումներ

«Ինդոնեզիկո՞ւմ»


Ջակարտայից ստացված հաղորդագրության համաձայն, Ինդոնեզիայի կենտրոնում գտնվող Բանտուլի շրջանի դատարանը ոմն Դժոկո Սուպրարտոյին զեղծարարության մեղադրանքով այսօր դատապարտել է երեքեւկես տարվա ազատազրկման:

«Ֆրանպրես»-ի փոխանցմամբ, մեղադրյալը Ինդոնեզիայի նախագահ Սուսիլո Բամբանգ 3ուդյհոյոնոյին համոզել էր, թե հեղինակել է մի գյուտ, որի կիրառումը թույլ կտա ջրից՝ զտման միջոցով ստանալ ջրածնային վառելիք:

Այդ «գյուտից» տպավորված նախագահի խնդրանքով Բանտուլի համալսարանը դրամաշնորհ էր հատկացրել «գիտնականին» լրացուցիչ հետազոտություններ անցկացնելու համար: Վայ-գյուտարարը հավաստիացրել էր, թե ջրից ստացած ջրածինը կվերածի դիզելային վառելիքի եւ այդ «կապույտ էներգիայով» կապահովի հազարավոր մեքենաների աշխատանքը:

Անցյալ տարվա ամռանը Ինդոնեզիայի կառավարության կողմից նշանակված գիտնականների հատուկ խումբը ապացուցել է, որ զեղծարարը որպես իր ստացած վառելիք էր ներկայացրել «Պերտամինա» պետական նավթային ընկերության արտադրած կերոսինը:

Այսպիսով, այդ «ինդոնեզիկումի» համար ծախսվել է ավելի քան մեկ միլիարդ ռուպիա, ինչը հավասար է շուրջ 90 հազար ԱՄՆ դոլարի:

Դատապարտված զեղծարարի փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG