Մատչելիության հղումներ

«Բջնի» ընկերությունը դատապարտում է հարկադիր կատարողի նկատմամբ բռնությունը


«Բջնի հանքային ջրերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության տօրինությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում դատապարտում է Կոտայքի մարզի հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը:

Անդրադառնալով «մամուլում շրջանառվող լուրերին եւ ակնկարկներին»` ընկերությունը ընդգծում է. - «Մեր կազմակերպությունը գործում է օրենքի դաշտում: «Բջնի» ընկերությունը երբեք չի փորձել ու չի փորձում գործել օրենքից դուրս»:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը, ով վարում է «Բջնի»-ին վերաբերող կատարողական վարույթները, հարձակման է ենթարկվել հունվարի 21-ի առավոտյան: Ոստիկանության հաղորդագրության համաձայն` Բաբաջանյանն իրենց շենքի բակում անհայտ անձի կողմից սուր-կտրող-ծակող գործիքից հասցված ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումներ` հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Վարկածը, որ դա իրականացրել է «Բջնի» ընկերությունը, շատ հեշտ է հերքվում, քանի որ հարկադիր կատարող Հայկ Բաբաջանյանը շարքային աշխատակից է, որը տեղյակ չէ նույնիսկ իր կատարողական վարույթի նյութերին: «Բջնի» ընկերության եւ ողջ հանրության համար պարզ է, որ այս գործընթացը ղեկավարվում է ՀՀ նախագահի աշխատակազմից եւ այս գործընթացին` ապօրինությունների տեսակետից, մասնակցում են մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձինք», - ասված է «Բջնի»-ի հայտարարությունում, որը տարածել է «Սիլ գրուպ» կոնցեռնի մամուլի քարտուղարը:

Փոխարենը, «Բջնի» ընկերությունը շատ հավանական է համարում, որ տեղի ունեցածը «ծրագրավորել են իշխանությունները, դրանով իսկ Սուքիասյանների նկատմամբ հասարակության հակակրանքն առաջացնելու եւ իրենց ապօրինությունները կոծկելու համար»:

«Կարծում ենք, զուգադիպություն չէ աճուրդի այս նախաշեմին նման եղանակով վարկաբեկել «Բջնի» ընկերությանը եւ հասարակության հարգանքը նվազեցնել վերջինիս նկատմամբ: Համոզված ենք, որ այս վարկածի ուղղությամբ նույն իշխանության մասը կազմող իրավապահները որեւէ գործողություն չեն կատարի: Այնուամենայնիվ հույս ենք հայտնում, որ իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն իրական հանցագործին», - ասված է հայտարարությունում:

«Բջնի» ընկերության հարկադիր էլեկտրոնային աճուրդը մեկնարկում է վաղը: Աճուրդով վաճառքի է հանված ընկերության` «Բջնի» գյուղում գտնվող արտադրամասը, Չարենցավանի արտադրամասը` իր հոսքագծերով, նաեւ «Բջնի» եւ «Նոյ» ապրանքանիշների իրավունքը:

«Սիլ» կոնցեռնին պատկանող «Բջնի» •ործարանում ստուգումները սկսվել են 2007 թվականի նոյեմբերից: 2008 թվականի հոկտեմբերին վարչական դատարանը վճիռ է կայացրել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ընկերությունից ավելի քան 4 միլիարդ դրամ բռնագանձելու մասին, նույն ամսին Դատական ակտերի հարկադիր կատարումն (ԴԱՀԿ) ապահովող ծառայությունը «Բջնի» գործարանում գույքագրում է կատարել եւ գույքը կալանքի տակ առել: Հոկտեմբերի 23-ին գործարանը փակվեց, դադարեցվեց արտադրությունը, քանի որ անհնար համարվեց հետագա գործունեությունը:

«Սիլ» կոնցեռնի ներկայացուցիչների պնդմամբ` Սուքիասյան ընտանիքին պատկանող կամ նրա հետ համագործակցող կազմակերպությունների նկատմամբ «հատուկ» ուշադրությունը եւ, ըստ իրենց` ապօրինի ստուգումները սկսվել են 2007 թվականի սեպտեմբերի 21-ից հետո, երբ Սուքիասյան եղբայրները իրենց զորակցությունը հայտնեցին նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Սիլ» կոնցեռնի նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ներկայումս հետախուզման մեջ է մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG