Նիստին մասնակցելու են Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները:
Ինչպես երեկ կայացած ասուլիսում հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Կովկասյան պլատֆորմի հանդիպմանը Հայաստանը մասնակցելու է արտգործնախարարության գլխավոր քարտուղարի մակարդակով:
Արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում կլինի հունվարի 25-26-ը:
Ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը` վկայակոչելով թուրքական Haber-1 լրատվական գործակալության հաղորդագրությունը, փոխանցում է, որ Թուրքիան հանդիպմանը ներկայացված կլինի արտգործնախարարության` Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեւիքյոզի մակարդակով:
Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությամբ անցած տարի` ռուս - վրացական հակամարտության օրերին, հանդես եկավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Ռուբեն Մելոյան