Մատչելիության հղումներ

Ռուսաստանը էմբարգո է սահմանում Վրաստանին զենքի մատակարարման վրա


Ռուսաստանը մինչեւ 2011-ի դեկտեմբերի 1-ը էմբարգո է սահմանում Վրաստանին զենքի մատակարարման վրա` պաշտոնական Թբիլիսիին սպառազինություններ մատակարարող օտարերկրյա պետություններին սպառնալով պատժամիջոցներով:

Համապատասխան հրամանագիրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել էր երկուշաբթի, եւ երեկ էլ արտգործնախարար Սերգեյ Lավրովը զգուշացրեց, որ այս կամ այն երկրի կողմից Վրաստանին զենք-զինամթերքի առաքումը շարունակելու դեպքում պաշտոնական Մոսկվան խնդիրներ կունենա տվյալ երկրի հետ:

Համոզմունք հայտնելով, որ անհրաժեշտ է կանխել օգոստոսյան իրադարձությունների կրկնությունը, Lավրովը տեղեկացրեց, որ Ռուսաստանը հետեւելու է այլ երկրների գործողություններին, եւ «եթե նրանք, անտեսելով Ռուսաստանի պահանջները, շարունակեն զենքի առաքումը Վրաստանին, պաշտոնական Մոսկվան կվերանայի իր հարաբերությունները նրանց հետ»:

Ըստ Մեդվեդեւի հրամանագրի, Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ է կիրառելու այն պետությունների նկատմամբ, որոնք կմատակարարեն զենք եւ կապացուցվի, որ դա վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը: Իսկ այն երկրների հետ, որոնք Վրաստանին կմատակարարեն ռուսաստանյան կամ խորհրդային արտադրության զինամթերք ու ռազմական տեխնիկա, Ռուսաստանը կդադարեցնի ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցությունը:

Փորձագետները նկատում են, որ ռուսաստանյան իշխանությունների այս քայլերն առաջին հերթին ուղղված են Ուկրաինայի, Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրների դեմ:

Ռուսաստանյան լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի հատուկ ծառայությունների տվյալները, հաղորդում են, որ Հարավային Օսիայի հետ օգոստոսյան պատերազմից առաջ Վրաստանին զենք են մատակարարել մեկեւկես տասնյակ երկրներ, որոնցից ամենախոշոր մատակարարները եղել են Միացյալ Նահանգները, Ուկրաինան, Չեխիան, Lեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան եւ Իսրայելը: Ընդ որում, Ուկրաինան ոչ միայն Վրաստանին վաճառել է զենք ու ծանր զրահատեխնիկա, այլեւ հակաօդային պաշտպանության համակարգի մասնագետներ է ուղարկել ռուսների դեմ կռվելու համար:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, նախկին ԽՍՀՄ-ի եւ Արեւելյան Եվրոպայի սոցիալիստական ճամբարի որոշ երկրներ իրենց սպառազինությունները ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելուն զուգահեռ` խնդիր ունեն նաեւ վաճառել նախկին խորհրդային արտադրության զինամթերքը:

Պաշտոնական Թբիլիսին Մեդվեդեւի հրամանագիրը որակել է որպես «անհասկանալի» եւ «աբսուրդ»:

«Ռուսաստանը պատժամիջոցներով է սպառնում միջազգային հանրությանը` ինքնիշխան ժողովրդավարական պետության հետ անվտանգության բնագավառում համագործակցության համար, այն դեպքում, երբ նույն Ռուսաստանը տարիներ շարունակ զինամթերք է մատակարարում միջազգային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող ռեժիմներին: Կարիք չկա միջազգային հանրությանը հիշեցնելու, թե ով է արտադրել այն զենքը, որն օգտագործում է աշխարհի ահաբեկչական խմբավորումների մեծ մասը», - ասված է Վրաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG