Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ը իր խմբագրականում գրում է. - «Ճգնաժամերը լավագույն պատրվակ են ժողովրդավարական ազատությունները սահմանափակելու համար, ինչի մասին երազում է աշխարհի ցանկացած իշխանավոր: Արեւմուտքում այդ «երազանքներն» իրականություն չեն կարող դառնալ, քանի որ հասարակություններն այնտեղ կայացած ուժ են: Իսկ ահա նախկին խորհրդային տարածքում (նախեւառաջ` Ռուսաստանում) դա միանգամայն հնարավոր է: «Այս ծանր վիճակում բոլորս պետք է համախմբվենք մեր ղեկավարության շուրջ, մինչդեռ ոմանք...»` այս տրամաբանությամբ շատ հեշտ է փակել ընդդիմախոսների բերանը: Իսկ որքան խորն է բռնապետությունը, այնքան ուժեղ է դեպի արտաքին աշխարհ ուղղված թշնամանքը»:

«Ժամանակ» օրաթերթը զրուցել է «Պրեզումպցիա» իրավաբանական կենտրոնի ղեկավար, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ: Հարցին, թե որքանով է ադեկվատ Հայաստանի իշխանության արձագանքը ԵԽԽՎ-ի սանկցիաներին արժանանալու հեռանկարին, նա պատասխանում է. - «Եթե մեր պետությունը ունի ինքնասիրություն, թերեւս, մենք այս սանկցիան պիտի որպես երկրին հասցված ապտակ ընդունենք: Թեկուզ` սանկցիայի սպառնալիքը: Եթե, իհարկե, երկիրը երես ունի: Եթե չունի, բարոյական սանկցիաները ոչինչ չեն փոխի, այս դեպքում այլ սանկցիաներ պետք է կիրառվեն, որը ես չէի ցանկանա»:

Նույն խնդրի վերաբերյալ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը վերջապես հայտնագործել է այն հրաշք-բալասանը, որով կարելի է հարթել կամ մեղմել հայաստանյան իշխանության եւ ընդդիմության միջեւ շարունակվող դիմակայությունը։ Օրերս մի քանի ժամով Հայաստան այցելած համազեկուցողներ Ջ.Պրեսկոտն ու Ժ.Կոլոմբիեն իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում առաջարկել են անհապաղ փոփոխել Քրեական օրենսգրքի 300 հոդվածը (պետական իշխանության յուրացում)։ Հիշեցնենք, որ «Յոթի գործով» անցնողներին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ հենց այս հոդվածն է։ Եվ եվրոպացիները յոթի սիրույն պահանջում են վերանայել հոդվածը, այսինքն՝ վերաձեւակերպել այնպես, որ հստակորեն տարանջատվեն կատարված արարքների քրեական եւ քաղաքական մասերը։ Այն էլ նկատենք, որ ինչպես փոփոխման առաջարկվող «Պետական իշխանության յուրացում» հոդվածը, այնպես էլ Քրեական օրենսգիրքն ամբողջությամբ ժամանակին արժանացել է Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։ Ինչը, սակայն, չի խանգարում ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովին հանդես գալ «ռացիոնալիզատորական» առաջարկով եւ պահանջել «խմբագրել» 300-րդ հոդվածը։ Իսկը՝ «գյադեք դեսը գնացեք, չէ, գյադեք, դենը գնացեք» կարգով»։

«Չորրորդ իշխանություն»-ը մեկնաբանում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի երեկվա հայտարարությունը. - «Մեթյու Բրայզան Հայաստանի ժողովրդին կոչ է անում վստահել Սերժ Սարգսյանին եւ հավատալ, որ նա առաջնորդվում է հայ հասարակության շահերով: Այսինքն` ամերիկացի դիվանագետն արձանագրում է, որ Հայաստանի ժողովուրդը Սերժ Սարգսյանի նկատմամբ նման վստահություն չունի: Համաձայնվեք` սա բացահայտ ծաղր է Սերժ Սարգսյանի նկատմամբ: Եվ ընդհանրապես, վիրավորական է, որ օտարերկրյա դիվանագետը եկել ու մեր ժողովրդի առջեւ բարեխոսում է իբր նույն ժողովրդի կողմից ընտրված նախագահի համար: Այսինքն, հասարակությունը կարծում է, որ Սերժ Սարգսյանը բանակցությունների սեղանի շուրջ ընդամենը իր անձնական հարցերն է լուծում, բայց Մեթյու Բրայզան համոզում է` «գիտե՞ք, իրականում նա ձեր երկրի շահերով է առաջնորդվում, կոչ եմ անում` հավատալ նրան»:

«Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանի հետ: Դիտարկմանը, թե իշխանությունները կարող էին համաներում հայտարարել, բայց չարեցին, Մարգարյանը արձագանքում է. - «Անշուշտ, դա միակ քայլը չէ, որ կարող են անել իշխանությունները, կան նաեւ այլ ելքեր, որովհետեւ ամբողջ հարցը մի քանի քրեական հոդվածների մեջ է, որոնք կարող են նաեւ քաղաքական մեկնաբանությունների արժանանալ: Իշխանությունները շատ պատճառ չունեն մտահոգվելու, նրանք նաեւ կարող են մտածել` հիմա մի երկու հոգի ավել բանտում լինեն կամ չլինեն, իշխանության համար ի՞նչ խնդիր է: Դրանով հո իշխանությունը ձեռքից չէին տա, բայց նաեւ ընդունում է, որ դա սկզբունքային հարց է: Այսինքն` եթե մեկ անգամ զիջում ես արտաքին ճնշման տակ, արդեն դառնում է վարքագիծ, եւ դա երկրի համար լավ չի: Ես կնախընտրեի, որ իշխանությունների զիջեին ներքին, այլ ոչ թե արտաքին ճնշման արդյունքում»:

«Կապիտալ» օրաթերթը նույնպես անդրադառնում է քաղբանտարկյալների հարցին. - «Անցած շաբաթվա վերջին կայացած ասուլիսի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը հայտարարեց, որ Հայաստանին ձայնից զրկելու դեպքում Կոնգրեսը կարող է մարտավարական փոփոխություն կատարել իր գործունեության մեջ։ Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։ Հայաստանին ձայնից զրկելը տեղի է ունենալու բանաձեւի ընդունման միջոցով, այսինքն՝ ԵԽ-ն պաշտոնապես կընդունի, որ Հայաստանում առկա է քաղբանտարկյալների խնդիր։ Դա նշանակում է, որ «7-ի գործով» դատավարությունն անուղղակիորեն դառնում է ապօրինի, որովհետեւ գործնականում անհնար է քաղաքական հայացքների համար ազատազրկված մարդկանց քրեական հոդվածներով մեղադրանք առաջադրելը։ Սա ընդդիմության վերաակտիվացման լրջագույն ազդակ է դառնում։ «Եթե կա քաղբանտարկյալ, դատ, որպես այդպիսին, չի կարող լինել», - ասում է Մուսինյանը։ Այլ կերպ ասած՝ դատական գործընթացը վերածվում է քաղաքական դեմարշի, ինչը, մի կողմից, ուղղակի փակուղի է տանում դատաքննությունը, մյուս կողմից՝ դառնում ընդդիմության ներուժի մոբիլիզացման պատճառ»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG