Մատչելիության հղումներ

«Միայն Հայաստանում է հնարավոր, որ ամբաստանյալն ու տուժողը նույն անձը լինեն»


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Մատենադարանի փոխտնօրեն, «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Բանուչյանի եւ հիմնադրամի երկու աշխատակիցների նկատմամբ դատավարությունը: Նրանք մեղադրվում են հարկերից խուսափելու եւ վատնում կատարելու մեջ:

«Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը լուսաբանելու համար նախատեսվող ամսագրի համար տրամադրված 5 հազար դոլարի չափով գումարի վատնում կատարելու մեղադրանքի շրջանակներում տուժող կողմ ճանաչված «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալ, Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արեւշատյանին նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության համաձայն բացարկ էր հայտարարվել: Այս դատական նիստի ընթացքում մեղադրող կողմը միջնորդեց լիազորել տուժող կողմի նոր ներկայացուցչի, որին պետք է նշանակի հիմնադրամի խորհուրդը կամ խորհրդի նախագահը:

Արշակ Բանուչյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը պարզաբանեց, որ հոգաբարձուների խորհրդի նիստ հավաքել գործնականում անհնար է, քանի որ այնտեղ ընդգրկված են հանրահայտ մարդիկ, օրինակ՝ Ռուսաստանի «Էրմիտաժ» թանգարանի տնօրենը:

«Ես համոզված եմ, որ հոգաբարձուների խորհրդի նիստ չի հավաքվի, տնօրեն չի փոխվի եւ ստացվում է, որ ներկայացուցիչը Արշակ Բանուչյանն է: Միայն Հայաստանում է հնարավոր, որ ամբաստանյալն ու տուժողը նույն անձը լինեն», - հայտարարեց պաշտպանը:

Ներկայացված երկրորդ մեղադրանքի համաձայն` Բանուչյանը վաճառել է «Մատենադարանի բարեկամներ» հիմնադրամին նվիրաբերված 72 հազար բացիկների մի մասը եւ հարկերը չի մուծել: Այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց փաստաթղթեր, որ բացիկների մի մասը նվիրաբերվել է: Ներկայացրեց նաեւ մնացած շուրջ 6000 բացիկները, որոնք կցվեցին դատական գործին:

Պաշտպանական կողմը ներկայացրեց մի շարք միջնորդություններ, որոնց թվում՝ քրեական գործով վարույթը կասեցնելու մասին, քանի որ մեղադրանքի հիմքում ընկած հարկային ստուգման ակտը այժմ բողոքարկվում է վարչական դատարանում, որոնք մերժվեցին դատարանի կողմից:

Պաշտպանական կողմի միջնորդությունների մերժումից հետո փաստաբան Տիգրան Աթանեսյանը դատավոր Ռուբեն Ափինյանին ինքնաբացարկ հայտարարելու միջնորդություն ներկայացրեց, որից հետո դատավորը հետաձգեց դատական նիստը:

Մարտի 1-2-ի զարգացումների առնչությամբ Արշակ Բանուչյանը մարտի 23-ին ձերբակալվեց եւ 4 ամիս անցկացրեց կալանավայրում, այնուհետեւ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխարինվեց մշտական բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Բանուչյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 225 հոդվածով? զանգվածային անկարգություններ կազմակերպելն ու մասնակցելը, եւ 154 հոդվածով? ընտրողների կամքին բռնանալը: Հոկտեմբերին հիշյալ մեղադրանքներով Բանուչյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց` «հանցագործության կատարմանը Արշակ Բանուչյանի մասնակցությունը ապացուցված չլինելու հիմքով»:


Տաթեւիկ Լազարյան

(Լուսանկարում` Արշակ Բանուչյանը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG