Մատչելիության հղումներ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Սարգսյան - Ալիեւ հերթական հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջեւ այսօր կայացած հանդիպման ժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն առաջիկայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության մեջ չի նշվում հանդիպման վայրն ու օրը, սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին այսօր ավելի վաղ ասել էր ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան, հանդիպումը կայանալու է շվեյցարական Դավոսում հաջորդ շաբաթ մեկնարկող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը դեռ երեկ երեկոյան Երեւան մեկնելուց առաջ Բաքվի օդանավակայանում հայտարարել էր, թե Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ եռանախագահները Իլհամ Ալիեւից ստացել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համաձայնություն:

«Երբ լինենք Երեւանում, ակնկալում ենք ստանալ հայկական կողմի համաձայնությունը», - նշել էր ռուսաստանցի դիվանագետը` շեշտելով, թե հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ քննարկումները. - «Եթե հանդիպումը կայանա, այն նվիրված կլինի այդ սկզբունքների որոշ պարզաբանումներին»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ այսօր կայացած բանակցությունների ավարտին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը լիովին հավանական անվանեց մինչեւ ամառ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

«Գոյություն ունի իրական հնարավորություն, որպեսզի կողմերը այս տարվա ամռանը` հունիսին, ստորագրեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակային համաձայնագիրը: Դա կախված կլինի նրանից, արդյո՞ք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գտել կամ կարող են գտնել փոխըմբռնումը զարգացնելու ուղին եւ դա վերածել կոնկրետ քայլերի: Հուսով եմ, որ դա կլինի. երեկ Բաքվում մենք բավական դրական պատասխան ստացանք», - հայտարարեց Մեթյու Բրայզան` հավելելով. - «Հաջորդ կարեւոր պայմանն այն է, որ հասարակությունը հասկանա առաջարկվող կարգավորման սկզբունքները, իսկ եթե հասկանա, վստահ եմ` կընդունի»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա իր վերջին այցն է տարածաշրջան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակով, Մեթյու Բրայզան արձագանքեց. - «Մի քանի ժամից կկայանա ընտրված նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը, եւ Ամերիկան կունենա նոր նախագահ, հետո` պետքարտուղար, ով եւ կկազմի իր թիմը: Բայց անկախ ամեն ինչից, ես ներգրավված կլինեմ այս տարածաշրջանում»:

Նշենք, որ բավական հակասական լուրեր շրջանառվում, թե արդյո՞ք Երեւանից համանախագահները մեկնելու են Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ համանախագահները Ստեփանակերտ չեն ժամանել ոչ թռիչքային եղանակի պատճառով:

Ինչ վերաբերում է Դավոսում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը, ապա, ըստ Դավիթ Բաբայանի, պաշտոնական Ստեփանակերտը ողջունում է ցանկացած հանդիպում, որը ինչ-որ ձեւով կարող է դրականորեն ազդել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա:

«Այլ բան է, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի մասնակցության, իհարկե, հնարավոր չէ կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», - հավելեց նա:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG