Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի երեկոյան Բաքվից ժամանել են Երեւան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` երեկ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ համանախագահները Իլհամ Ալիեւից ստացել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու համաձայնություն: Հայկական կողմի համաձայնության դեպքում երկու երկրների նախագահների հանդիպումը կարող է կայանալ Դավոսում` հունվարի 28-ին մեկնարկող համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Երբ լինենք Երեւանում, ակնկալում ենք ստանալ հայկական կողմի համաձայնությունը», - Բաքվի օդանավակայանում հայտարարել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Հնարավոր հանդիպման օրակարգում կլինեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազային սկզբունքների շուրջ քննարկումները: «Եթե հանդիպումը կայանա, այն նվիրված կլինի այդ սկզբունքների որոշ պարզաբանումներին», - ասել է Մերզլյակովը:

Բաքվում համանախագահները հանդիպել են նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նախատեսվում է, որ երեւանյան հանդիպումներից հետո համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ:

Նոր առաջարկներ միջնորդները չեն նախապատրաստել եւ հույս ունեն, որ կողմերին, ի վերջո, կհաջողվի համաձայնության հասնել դեռեւս չհամաձայնեցված մի քանի դրույթների շուրջ:

Համանախագահները հուսով են նաեւ, որ հնարավոր կլինի որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել արդեն այս տարվա առաջին կիսամյակում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG