Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մարտի 1-ին Երեւանում եւ անցած շաբաթ Ռիգայում ու Վիլնյուսում տեղի ունեցած անկարգությունների միջեւ բոլոր հնարավոր եւ անհնարին զուգահեռներն արդեն անց են կացվել: Ամենակարեւոր տարբերությունն, իհարկե, այն է, որ բալթյան երկրներում ոստիկանները եւ իշխանական օլիգարխների «գրոհայինները» մարդ չեն սպանել: Այն, որ մեր երկրում դա տեղի ունեցավ, իմ կարծիքով, պայմանավորված չէ ո’չ ավտորիտար ռեժիմով (որը հաստատվել է առնվազն 1994 թվականից), ո’չ էլ իրավապահների պրոֆեսիոնալիզմի պակասով. ի վերջո, նրանք էլ, իրենց լատվիացի եւ լիտվացի գործընկերների նման, գիտեն արցունքաբեր գազի կամ ռետինե փամփուշտների տեղը: Ողբերգության գլխավոր պատճառն, ինձ թվում է, «սուբյեկտիվ գործոնն» է. մեր երկրորդ նախագահի անհատական առանձնահատկությունները` առանձնակի դաժանությունը եւ մարտնչող անհանդուրժողականությունը: Այդ արտառոց հատկություններով երկրի առաջին եւ ներկայիս, նույնպես ավտորիտար, ղեկավարները օժտված չեն: Աստված տա, հաջորդ նախագահներն էլ հոգեվերլուծաբանների կարիքը չունենան»:

«Ազգ» թերթին հարցազրույց է տվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը. - «Համազեկուցողների հետ հանդիպումների բովանդակության վերաբերյալ տեղեկացված չեմ, վերջին ամփոփիչ հանդիպումից միայն տպավորություն ունեմ, որ պատժամիջոցի կիրառման մասին է ընդհանրապես խոսք գնում, սա էլ պիտի ընկալենք։ Որովհետեւ մեզ տրված է եղել շատ հստակ ժամկետ` մինչեւ հունվար ամիսը, եւ այդ հունվար ամսվա մեջ մենք 100 տոկոսով երկու բանաձեւերի կատարման առումով չենք տեղավորվել, սա է փաստը։ Բայց գնահատելու խնդիր կա` ի՞նչ պատճառով դա տեղի չի ունեցել։ Երկու հիմնական պատճառ կարող է լինել. մեկը, որի տրամաբանությամբ Եվրախորհրդի մոնիտորինգի հանձնաժողովն առաջնորդվեց, որ ես համարում եմ սխալ, թե չկա քաղաքական կամք` բավարար էր ժամանակը, եւ կարող էինք այդ հարցը լուծել, բայց քանի որ չենք լուծել, ուրեմն քաղաքական կամքը բացակայում է։ Դա չի համապատասխանում իրականությանը։ Եթե հարցը պիտի լուծվի Հայաստանում գործող օրենսդրության սահմաններում, իրավական ճանապարհով, այդ իրավական ճանապարհը ենթադրում է, որ մենք չենք կարող շրջանցել իրավական համակարգը։ Եթե չենք կարող շրջանցել դատաիրավական համակարգը, պիտի հասկանանք` այդ դատաիրավական համակարգում ի՞նչն էր պատճառը` քաղաքական կա՞մքն էր բացակայում, որ մինչեւ հիմա այդ հարցերին ամբողջական լուծում չի տրվել, թե՞ այդ համակարգն օբյեկտիվ իներտություն ունի, օբյեկտիվ թերություններ, բացթողումներ, որ այդ մեծ ծավալի մեջ խնդիրը չկարողացան ամբողջությամբ նշված ժամկետներում յուրացնել եւ համապատասխան ընթացակարգով ավարտին հասցնել։ Ես կարծում եմ` այ հենց էս երկրորդը տեղի ունի»։

«Կապիտալ» օրաթերթը քննարկում է տնտեսական ճգնաժամի պայմաններում արտարժույթի կուրսի տատանումները. - «ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները չեն ցանկանում խոստովանել, որ դրամի փոխարժեքի ձեւավորման վրա էական ազդեցություն ունեն, չնայած այդ մասին բոլորը գիտեն։ Ըստ էության՝ Հայաստանում ոչ թե լողացող փոխարժեքի քաղաքականություն է իրականացվում, այլ այսպես կոչված «արտարժութային միջանցքի»։ Այսինքն՝ ԿԲ-ն հատուկ հետեւում է, որ դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ որեւէ միջակայքից դուրս չգա (ներկայում արժութային միջանցքը կազմում է $1-ը՝ 300-310 դրամ)։ Երբ վտանգ է առաջանում, որ դոլարի փոխարժեքը կիջնի 300 դրամից՝ ԿԲ-ն սկսում է ակտիվորեն դոլար գնել։ Երբ, ընդհակառակը, դրամը արժեզրկման միտումներ է դրսեւորում, ԿԲ-ն սկսում է դոլար վաճառել, որպեսզի փոխարժեքը 310 դրամից չբարձրանա։ Վերջին ամիսներին ԿԲ-ն զբաղված է հիմնականում դոլար վաճառելով եւ, ըստ մեր գնահատականների, արդեն ծախսել է միջազգային պահուստների մոտ 15%-ը»:

«Իրավունք դե ֆակտո»-ն զրուցել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Թերթի թղթակիցը հարցնում է. - «Ձեր մասին ասվում է` օլիգարխա-կրիմինալ համակարգի հետ առնչություն չունեցող գործիչ. շարունակությամբ` դա է պատճառը, որ ամեն անգամ, երբ Դուք սկսում եք «ստվերի» դեմ պայքարել կամ «ծառայողական քննություններ» սկսել, համակարգն ընդվզում է Ձեր դեմ, խոշոր հակազդեցություն դրսեւորում»: Վարչապետն արձագանքում է. - «Առաջինը. ես չեմ համարում, որ մեր աշխատանքի արդյունքը զրոյական է: Եվ ապա` ծառայողական քննություն սկսելն արդեն իսկ կարեւոր քայլ է: Դա լուրջ զսպաշապիկ է ցանկացած չինովնիկի համար, որի արարքը դառնում է մի կողմից` կառավարության, մյուս կողմից` հասարակության քննարկման առարկա: Դա կարեւոր է ընդհանրապես` երկրի ու համակարգի համար, որպեսզի յուրաքանչյուր չինովնիկ իմանա, որ հասարակության համար անընդունելի ցանկացած արարք չի կարող վրիպել մեր ուշադրությունից: Եվ երրորդ, բազմաթիվ հրապարակումներում բացահայտված դեպքեր, խախտումներ, թերացումներ արժանացել են լուրջ գնահատականի, մեղավորները պատժվել են, հեռացվել են աշխատանքից: Կարող ենք հիշել, թեկուզ, հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի կատարած բացահայտումները. մենք ծառայողական քննություն անցկացրինք, եւ պարզվեց, որ գրվածը ճիշտ է, ու մեղավորներն ազատվեցին աշխատանքից, ինչը չափազանց կարեւոր է»:

Թերթերը ներկայացնում են նաեւ օրվա քրեական քրոնիկան: Նույն Էդիկ Բաղդասարյանի գործի մասին «Տարեգիր»-ը գրում է, որ անցյալ տարվա նոյեմբերի 25-ին այս գործով մեղադրանք է առաջադրվել ոմն Կարեն Հարությունյանի, որը իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն հետաքննությունը շարունակվում է: Իսկ ահա «Հայկական ժամանակ»-ի աշխատակից Լուսինե Բարսեղյանի եւ «Ազատություն» ռադիոկայանից Հրաչ Մելքումյանի հանդեպ բռնարարքների գործով քրեական գործերի վարույթը կասեցվել է: «Առավոտ»-ը տեղեկացնում է Գյումրիում տեղի ունեցած դանակահարության մասին` նշելով, որ սա վերջին շրջանում դանակահարության չորրորդ դեպքն է: Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը անդրադարձել է տարեվերջին «Կակտուս» ռեստորանում տեղի ունեցած աղմկոտ ծեծկռտոցի պատմությանը` նշելով, որ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը որեւէ առնչություն չի ունեցել այդ վիճաբանության հետ:

lragir.am-ը գրում է. - «Փորձենք մի փոքր բանական դատողության ենթարկել այն իրավիճակը, որ ստեղծվել է ԵԽԽՎ շուրջ եւ որն արժանանում է Հայաստանի իշխանական եւ փորձագիտական հանրույթի գնահատականին` երկակի ստանդարտի կիրառում։ Խոսքը ինչպես գիտենք այն մասին է, որ Ադրբեջանում էլ կան քաղբանտարկյալներ, բայց Եվրոպայի խորհուրդը չգիտես ինչու աչք է փակում դրա վրա։ Առաջին հայացքից թվում է, թե տրամաբանությունը երկաթյա է։ Եթե Ադրբեջանի դեպքում լռում են, իսկ մեր դեպքում սպառնում պատժամիջոցով, ուրեմն քաղաքական խնդիր են հետապնդում, ուզում են մեր երկրին ճնշել ու կիրառում են երկակի ստանդարտ։ Նախ զարմանալի կլիներ, եթե Եվրոպայի խորհուրդը քաղաքական խնդրի փոխարեն հետապնդեր ասենք մարզական խնդիր։ ԵԽԽՎ-ն քաղաքական մարմին է ու Ամերիկա հայտնագործածի զարմանքով պետք չէ արձանագրել, որ այն հետապնդում է քաղաքական խնդիրներ։ Պարզապես պետք է պատրաստ լինել դրան, որպեսզի ունենալ համարժեք արձագանք, ոչ թե այդ անպատրաստությունը զարմանքի տեղ մատուցել որպես ինքնապաշտպանության միջոց` «ինչպես, ուրեմն դուք քաղաքականությամբ եք զբաղվում։ Այ, այ, այ, իսկ մենք կարծում էինք, թե դուք մարդասիրական կազմակերպություն եք»։


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG