Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Մարդու իրավունքների պաշտպանը` իրենք ուսումնասիրել են այդ տեսաերիզները եւ ոստիկանների կողմից մի շարք խախտումներ արձանագրել: Տեսաերիզում արձանագրված փաստերի կապակցությամբ Արմեն Հարությունյանն այսօր դիմել է Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին` առաջարկելով ուսումնասիրել ներկայացրած փաստերը եւ համապատասխան լուծում տալ Հայ ազգային կոնգրեսի դիմումին:
Ոստիկանների կողմից իրականացված բռնությունների կապակցությամբ ոստիկանություն եւ գլխավոր դատախազություն է դիմել նաեւ Հայ ազգային կոնգրեսը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը, նշելով, որ որեւէ հույս չունեն, թե «վարչախումբը, կատարած ապօրինի գործողությունների համար, ինքն իրեն կպատժի»:
Ուրբաթ օրը «7-ի գործով» դատավարությունից հետո տեղի ունեցած միջադեպի ընթացքում տուժել էր նաեւ «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` ծոծրակային շրջանում ստանալով փափուկ հյուսվածքների վնասվածք:
«Ես ժողովրդի թիկունքում կանգնած լուսանկրաման աշխատանքների էի կատարում: Ոստիկանները սկսեցին ժողովրդին հրել, ինչի արդյունքում ինձ էլ հրեցին ու ես, հետ-հետ գալով, գլուխս խփեցի սյանը եւ ընկա: Հետո, որ գնացի խմբագրություն, այնտեղ արդեն ինքնագիտակցությունս վատացավ` գլխապտույտ, սրտխառնոց զգացի», - պատմեց Շամշյանը:
«Իմիջիայլոց, այնտեղ կան ձայնագրություններ, որտեղ ոստիկանության որոշ աշխատակիցներ տալիս էին սեռական բնույթի հայհոյանքներ: Կարելի է ասել` յոթ-ութ-ինը բալանոց սեռական բնույթի հայհոյանքներ», - հավելեց ֆոտոլրագրողը:
Գագիկ Շամշյանն այսօր հրավիրվել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ կատարվածի վերաբերյալ գրավոր բացատրություն է տվել:
Ռուզաննա Ստեփանյան