Մանոյանի խոսքով` Հրանտ Դինքի հետ Դաշնակցությունը համակարծիք էր մեկ հարցում` Թուրքիայի փոփոխության չափանիշը Հայոց ցեղասպանության ճանաչումն է:
«Այն օրը, որ Թուրքիան իսկապես անկեղծորեն, ամբողջությամբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, այդ օրը իսկապես կարելի է հավատալ, կամ, առնվազն, հույս ունենալ, որ Թուրքիան փոխվել է», - ասաց Մանոյանը: - «Կարծում եմ սա այն կարեւոր կետն էր, որ երբեմն Թուրքիայում ապրող Հրանտ Դինքի` իրենք իրենց այսպես կոչված ընկեր անվանողները, ընդհանրապես` թուրք մտավորականները, երբեմն անտեսում են»:
Հրանտ Դինքը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ուրույն մոտեցում ուներ: Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ` 2006-ի սեպտեմբերին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում «Ակոս»-ի խմբագրապետը կարծիք էր հայտնել, թե ցեղասպանության ճանաչմանը հասնելու լավագույն ճանապարհը Թուրքիայի` ժողովրդավարական երկիր դառնալն է, երբ ներքեւից պահանջ կլինի եւ թուրքական հասարակությունը առանց արտաքին ճնշումների կճանաչի ցեղասպանությունը:
«Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում:
Ռուբեն Մելոյան