Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է «7-ի գործով» դատավարության երեկվա նիստը. - «Դատավորը նույնիսկ 20 րոպե ժամանակ չտվեց կոնկրետ դերաբաշխումներով հանդես եկող յոթ ամբաստանյալներին` ցուցադրելու իրենց «նոր» ներկայացումը։ «Ամենացավալին» այն է, որ սրանք նույնիսկ չհասցրին ծխել, թքել, հայհոյել, հոխորտալ, անիծել ու սպառնալ, ինչպես վարվում էին նախորդ դատական նիստերի ժամանակ՝ երեւակայելով, թե դատարանի դահլիճում հենց միայն իրենք են «դրության տերը... դատարանի դահլիճում նախատեսված հերթական «ինքնաբուխ» ցույցը տապալվեց։ Փոխարենը դրսում հավաքված հհշական խորշակը նորմայից տասնապատիկ ավելի գազազեց... Եվ հհշական հոտը «ազատություն քաղբանտարկյալներին» բղավոցներով հարձակվեց ապօրինի երթը կանխելու նպատակով շղթա կազմած ոստիկանների վրա։ Իսկ դա մենք արդեն մարտի 1-ին տեսել ենք, թե ինչպես են անում։ Բարեբախտաբար երեկ ոստիկանների շարքերում վիրավորներ չարձանագրվեցին»:

«Հայկական ժամանակ»-ը, մինչդեռ, տեղեկացնում է, որ «արդյունքում մեկ կին դեմքին արյունով վնասվածքներ ստացավ». - «Ընդդիմության ակտիվիստներին հայտնի Կլարա Խաչիկովնան շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Բերետավորների գործողությունների արդյունքում վնասվածքներ ստացան նաեւ լրագրողներ, մասնավորապես` «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Թագուհի Թովմասյանը եւ նույն թերթի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Վերջինս, ինչպես հետո պարզվեց, ուղեղի ցնցումով տեղափոխվել է հիվանդանոց»:

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը օրերս ասուլիսում հիշել էր, թե դեռ խորհրդային տարիներին ինքը հայկական կոնյակի զորությամբ կարողացել էր հանել նրան, որ 50 միլիոն ռուբլով ավելացվի կոնյակի գործարանի ֆինանսավորումը: «Առավոտ»-ը զրուցել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ժամանակին հայաստանյան պատվիրակության անդամ Հմայակ Հովհաննիսյանի հետ` հետաքրքրվելով, թե արդյոք մեր պատվիրակության անդամները կոնյակի միջոցով իրոք կկարողանան խուսափել քվեարկության իրավունքը կորցնելուց: «Գավառամիտ եւ զազրախոս մարդկանց շուրթերում նման գնահատականները, իհարկե, ընդունելի են: Բայց եթե մարդը զբաղեցնում է մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը նայում է կոնյակի, բաստուրմայի եւ այլ գյուղատնտեսական մթերքների մատուցման պրիզմայով, ապա ուղղակի պետք է ասել, որ մեր ժողովուրդն արժանի չէ նման դառը ճակատագրի», - ասել է Հմայակ Հովհաննիսյանը:

«168 ժամ»-ը քննարկում է Կոլոմբիեյի եւ Պրեսկոտի` Երեւանում ունեցած հանդիպումներից հնարավոր հետեւությունները. - «Քանի որ համազեկուցողները անընդհատ հղում են արել 300-րդ հոդվածին` ասելով, որ այն ակնհայտ քաղաքական հետապնդման տարրեր է պարունակում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մեկը (տարբեր տեղեկություններով, կա’մ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, կա’մ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը) առաջարկել է փոփոխել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը: Ըստ նույն աղբյուրների, այդ առաջարկին Պրեսկոտն ու Կոլոմբիեն դրական են արձագանքել` ասելով, որ եթե մինչեւ հունվարի 27-ին մեկնարկելիք ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանն այդ ուղղությամբ քայլեր արվեն, Հայաստանը կարող է խուսափել պատժամիջոցներից: Այդ փոփոխության տրամաբանության մեջ է այն, որ 300-րդ հոդվածով մեղադրվող քաղբանտարկյալները դրա վերանայումից հետո կարող են ազատ արձակվել: Այսպիսով, Հայաստանի իշխանությունները էյֆորիայի մեջ են հայտնվել եւ արդեն գրեթե վստահ են, որ եթե առաջիկա 10 օրում փոփոխություններ կատարեն Քրեական օրենսգրքում, ապա, դա որպես փաստարկ օգտագործելով, Պրեսկոտն ու Կոլոմբիեն կկարողանան ԵԽԽՎ-ի պատվիրակներին համոզել ձայնի իրավունքից չզրկել Հայաստանին»:

«Ազգ»-ը զրուցել է «Ժառանգության» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հետ` պատգամավորական մանդատները վայր դնելու հարցի վերաբերյալ: Այդ քայլի դրական եւ բացասական կողմերի մասին Մարտիրոսյանը ասում է. - «Ուղղակի ասեմ այն փաստարկները, որոնք արդեն մակերեւույթին են. մանդատները վայր դնելու կողմնակիցներն այն կարծիքին են, որ իշխանությունները, ըստ էության, չեն փորձում կառավարման այնպիսի համակարգ ստեղծել-իրականացնել, որի արդյունքում ընդդիմությունը կարող է առավել մեծ նպաստ բերել հետագա Ազգային ժողովի կամ այլ պետական կառույցների աշխատանքներին։ Մանդատները վայր չդնելու կողմնակիցներն այն կարծիքին են, որ նախ մենք որոշակի թվով ընտրողների ձայն ենք ստացել, այսինքն նրանք մե՛զ են այդ աշխատանքին պատվիրակել, որ «Ժառանգությունը» բավականին ակտիվ մասնակցել է քաղաքական կյանքում, բավականին օրենսդրական եւ իրավապաշտպան նախաձեռնություններով է հանդես եկել, ուստի նմանատիպ քայլերը պետք է շարունակել, իսկ դա հնարավոր է միայն պատգամավոր լինելով, այնպես որ այս քաղաքական թիվ 1 ամբիոնը պետք չէ կորցնել։ Ահա այս տարբեր կարծիքների համադրումից հետո կտեսնենք, թե ո՞րն է առավել նպատակահարմար մեր պետության զարգացման տեսանկյունից»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը բացառիկ հարցազրույց է տվել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները, ով երկուշաբի օրը ժամանում է Հայաստան: Ղարաբաղյան հարցի կապակցությամբ նա ասում է. - «Ես ուշադրությամբ հետեւում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ գոհ եմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումներից: Եվրամիությունը հավանություն է տալիս 2008 թվականի նոյեմբերին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված հռչակագրին, եւ պատրաստ ենք տրամադրել մեր փորձը վստահության հաստատման միջոցների զարգացման գործում: Այն պահին, երբ խաղաղության վերաբերյալ համաձայնագիր ստորագրվի, հանձնաժողովը պատրաստ է մասնակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի զարգացմանը եւ վերակառուցմանը»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG