Մատչելիության հղումներ

Ջորջ Բուշ. «Ես չեմ խուսափել կոշտ վճիռներից»


Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռացող նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը երեկ իր վերջին հեռուստաուղերձով դիմել է հայրենակիցներին:

«Ինչպես եւ բոլոր նրանք, ովքեր ինձ նախորդել են այս պաշտոնում, ես էլ եմ անհաջողություններ ունեցել: Կան բաներ, որոնք ես կանեի միանգամայն այլ կերպ` եթե այդպիսի հնարավորություն տվեր, եւ այնուամենայնիվ իմ բոլոր գործողություններում ես միշտ ձգտել եմ առավելագույնս ապահովել մեր երկրի շահերը», - ասել նախագահը:

Իր ուղերձում նա նաեւ նշել է, որ որոշ դեպքերում հարկադրված էր բարդ ընտրություն կատարել:

«Ես առաջնորդվել եմ իմ խղճով եւ արել եմ այն, ինչ ճիշտ եմ համարել: Դուք կարող եք չհամաձայնել իմ ընդունած որոշ կոշտ որոշումների հետ, բայց հուսով եմ, որ կհամաձայնեք, որ ես չեմ խուսափել կոշտ վճիռներից», - ասել է Բուշը:

Ըստ նախագահի, դրանց թվում Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներն են եւ ահաբեկչության դեմ պայքարը:

Ակնարկելով 2001-ի սեպտեմբերի 11-ի գրոհը, նա ասել է, որ այսօր երկրի անվտանգության աստիճանն ավելի բարձր է, քան 7 տարի առաջ, սակայն գոյություն ունի ահաբեկչական նոր հարձակման վտանգ, քանի որ «թշնամիները համառ են եւ ցանկանում են նորից հարվածել մեր երկրին»:

«Տարիների ընթացքում ամերիկացիները կարողացան գրեթե վերադառնալ այն կյանքին, որ կար նախքան սեպտեմբեր 11-ը, սակայն ինձ մոտ դա այդպես էլ չստացվեց: Ամեն առավոտ ես ստանում էի մեր ժողովրդին սպառնացող վտանգների մասին նոր հաղորդագրություններ եւ անում էի հնարավորը երկրի անվտանգությունն ապահովելու համար», - ասել է Բուշը:

Իրաքի եւ Աֆղանստանի պատերազմները, ինչպես նաեւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը կլինեն նաեւ Բարաք 0բամայի օրակարգում: Բուշը նոր նախագահին հաջողություն է մաղթել:

Ավարտելով իր վերջին ուղերձը, նախագահն ասել է. - «Այսպես, իմ հայրենակիցներ, ես ձեզ վերջին անգամ ասում եմ բարի գիշեր, թող Աստված օրհնի այս տունը եւ մեր հաջորդ նախագահին, օրհնի ձեզ եւ մեր հրաշալի երկիրը: Շնորհակալություն»:

Այսօր Ջորջ Բուշն ունի հանրության աջակցության ընդամենը 34 տոկոսը, ինչը նախագահների ամենացածր վարկանիշն է 1974 թվականին Ռիչարդ Նիքսոնի հրաժարականից ի վեր:

Բուշի քննադատները պնդում են, որ նա ամենավատ նախագահն էր անցած 50 տարում, մինչդեռ, աջակիցներն ասում են, թե միայն պատմությունը կտա արդար գնահատականը, եւ տարիներ անց շատերը կհամոզվեն, որ ԱՄՆ-ի 43-րդ նախագահն իսկապես արել է հնարավորը ծանր պայմաններում երկրի շահերը պաշտպանելու համար:

Գալիք երեքշաբթի` հունվարի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի պաշտոնը կստանձնի Բարաք 0բաման:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG