Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքում է Հայաստանին ռուսական զենքի ենթադրյալ մատակարարման առնչությամբ


Ադրբեջանի արտգործնախարարությունը երեկ հայտարարությամբ է հանդես եկել` բողոքելով Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառազինության ենթադրյալ մատակարարման կապակցությամբ:

«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը վճռական բողոք է հայտնում` կապված Հայաստանին զենքի փոխանցման հետ, եւ Ռուսաստանին կոչ է անում ձեռնարկել անհրաժեշտ քայլերը` կանխելու համար հետեւանքները», - «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, ասված է հայտարարությունում:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության, սպառազինության ենթադրյալ մատակարարումը խախտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերսկսումը կանխելու նպատակով ՄԱԿ-ի ընդունած բանաձեւերը:

«Սպառազինության մատակարարումը նպաստում է Ադրբեջանի տարածքի մի մասը օկուպացրած Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը», - հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, պաշտոնական Մոսկվան Երեւանին է փոխանցել 800 միլիոն դոլարի տանկեր, զրահամեքենաներ, հրթիռներ, նռնականետներ եւ ռազմամթերք` Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի միջոցով:

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոբիշեւսկին հերքել է ադրբեջանական կողմի պնդումները: «Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարում չի իրականացվել, այդ մասին հաղորդագրությունները իրականությանը չեն համապատասխանում», - ասել է Դրոբիշեւսկին:

Հայաստանը նույնպես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, մասնավորապես, լրագրողներին հայտարարել է, թե «չի հասկանում` որտեղից կարող էին առհասարակ հայտնվել նման տվյալներ», եւ դրանք «ապատեղեկատվություն» է որակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG