Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի խմբագիրը պատկերավորում է. - «Ոմանք կարծում են, որ ամեն թփի տակ «օտար ու մութ ուժերի դավադրություն» տեսնելը զուտ քարոզչական հնարք է, եւ իրականում ոչ ոք չի հավատում «օտարերկրյա հատուկ ծառայությունների գունավոր հեղափոխության սցենարների», «նավթի հոտերի», «5-րդ շարասյուների» եւ այլ հրեշավոր երեւույթների մասին սարսափազդու պատմություններին։ Ես այդ տեսակետը չեմ կիսում եւ միշտ այն կարծիքին եմ, որ պարանոյան քաղաքական գործիչների անբաժանելի մասն է, հատկապես նրանց, ում քաղաքական մշակույթի վրա իր անջնջելի ազդեցությունն է թողել ԽՍՀՄ-ը»։ Ապա, զուգահեռներ անցկացնելով հարեւան Ադրբեջանում տիրող իրավիճակի հետ, որտեղ վերջերս դադարեցրել են «Ազատություն» եւ BBC ռադիոկայանների հեռարձակումը, խմբագիրը եզրակացնում է. - «Ով՝ ով, բայց մեր հարեւանները հաստատ իրավունք չունեն Հայաստանի ժողովրդավարության մասին դատողություններ անել։ Կարծում եմ, մենք արժանի ենք, որ մեզ ԵԽԽՎ-ում զրկեն ձայնի իրավունքից, բայց Ադրբեջանի նկատմամբ այդ պատժամիջոցը վաղուց պետք է կիրառեին»:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների Հայաստան կատարած այցին` «Հրապարակ»-ը եզրակացնում է. - «Այցը ի նպաստ Հայաստանի չէր: Իսկ դա նշանակում է, որ այն, այսպես ասած, գալոչկայի համար էր: Եվրոպացիները գիտեին, որ իրավիճակը մեր երկրում մնացել է նույնը, որ առանձնապես զննելու եւ ուսումնասիրելու բան չկա: Եկան, արձանագրեցին իրենց իմացածը եւ հեռացան` համոզվածությամբ, որ կուզիկին գերեզմանն էլ չի ուղղի: Ուստի մեզ մնում է սպասել ԵԽԽՎ-ի նստաշրջանին, որտեղ Հայաստանին կզրկեն քվեարկության իրավունքից»: «Ի վերջո, Բելառուսում եւ Նամիբիայում էլ են մարդիկ ապրում: Ոմանք նույնիսկ գոհ են իրենց կյանքից: Պետք է միայն պարզել, թե ընդհանրապես ինչ է նշանակում ապրել եւ ինչպիսի երկիր ենք մենք ուզում ունենալ»:

Թեման շարունակում է «Հայոց Աշխարհ»-ը` գրելով. - «Մեր ձեռքի տակ եղած փաստերը թույլ են տալիս պնդելու, որ ինչպես Պրեսկոտը եւ Կոլոմբիեն, այնպես էլ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովը, անտեսելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու դիվանագիտական էթիկան, կոպտորեն միջամտում են ինքնիշխան պետության՝ Հայաստանի ներքին գործերին։ Ավելին. փորձում են մահակ ճոճել մեր երկրի գլխին ու նրան բացահայտորեն շանտաժի ենթարկել՝ սպառնալով Հայաստանին զրկել Եվրոպայի խորհրդում ձայնի իրավունքից (կասեցնել մեր երկրի խորհրդարանական պատվիրակության անդամների քվեարկության իրավունքը)»։

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է անցած տարվա դեկտեմբերի 27-ին «Կակտուս» ռեստորանում տեղի ունեցած մի ծեծկռտուքի մասին. - «Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Կակտուս» ռեստորանում ՀՀ առողջապահության փոխնախարարներ Թաթուլ Հակոբյանը, Աբգար Մանուկյանը եւ նրանց սեղանակիցները ծեծկռտուք են սարքել: Գալիք նոր տարին նշելիս նրանք բազմիցս բարձրաձայն հայհոյել են, ինչը, բնականաբար, դուր չի եկել նրանցից ոչ հեռու նստած ՀՀ էներգետիկայի նախկին նախարար, ներկայումս Միջազգային էներգետիկ կորպորացիայի ղեկավար Մելս Հակոբյանին, ով եղել է ընտանիքի անդամների հետ: Փոխնախարարներին զայրացրել է Մելս Հակոբյանի զգուշացումը եւ նրանք իրենց մոտ մեկ տասնյակ ընկերների հետ դաժան ծեծի են ենթարկել ոչ միայն Հակոբյանին, այլ նաեւ նրա փեսային: Վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Տուժածների ցուցմունքների հիման վրա հունվարի 2-ին հարուցվել է քրեական գործ: Մելս Հակոբյանը եւ գլխավոր դատախազը ընկերներ են: Սակայն, մյուս կողմից, փոխնախարարները վայելում են Սաշիկ Սարգսյանի հովանավորությունը: Ձերբակալվածներ չկան»:

«Երկիր» թերթում կարդում ենք. - «Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Հրայր Կարապետյանը «Մեդիամաքս» գործակալության հետ հարցազրույցում մեկնաբանել է իր վրաց պաշտոնակից Պաատա Դավիտայայի հայտարարությունն այն մասին, թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի հիման վրա: ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահն ասել է, որ, նախեւառաջ, անհրաժեշտ է ճշտել, թե որքանով է Պաատա Դավիտայայի այդ արտահայտությունը համապատասխանում իրականությանը, «քանի որ նրա հարցազրույցը զետեղված է ադրբեջանական day.az ինտերներային կայքում, եւ մեզ համար նորություն չէ, որ այդ երկրի ԶԼՄ-ների կողմից բազմիցս խեղաթյուրվել են օտարերկրյա պաշտոնյաների խոսքերն ու մեկնաբանությունները»: «Հուսով եմ, որ այդ արտահայտությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ այն ոչ միայն հակասում է Վրաստանի պետական դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, այլեւ չի բխում Հայաստանի եւ Վրաստանի շահերից», - ասել է Հրայր Կարապետյանը:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG