Այս մասին նա ասել է հունվարի 15-ին Վիեննայում անցկացված ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում, որն առաջին անգամ գումարվեց Հունաստանի նախագահության օրոք:
Բակոյանիսը շեշտել է, որ Հունաստանի նախագահության մեկտարյա ժամանակահատվածում ԵԱՀԿ-ի գերակայությունները հիմնված են լինելու փոխադարձ ջանքերի, հավասարակշռության եւ ռազմավարության անկյունաքարերի վրա: Նա նշել է, որ ռազմաքաղաքական ոլորտում գերակա խնդիրներից են ԵԱՀԿ-ի գործունեությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, սահմանների անվտանգությունը:
Տնտեսական ու շրջակա միջավայրի պահպանման խնդիրներից նախագահողի ուշադրության կենտրոնում են լինելու միգրացիոն խնդիրները եւ կլիմայի փոփոխությունը: Ուշադրության կենտրոնում է լինելու մարդու իրավունքների պաշտպանությունը եւ գենդերային հավասարությունը:
Վրաստանի ճգնաժամը նա կոչել է թե’ մարտահրավեր, թե’ հնարավորություններ:
«Այս ճգնաժամը շոկի պես խախտեց մեր ինքնավստահությունը եւ հիշեցրեց, որ մեր գործն անավարտ է», - ասել է Դորա Բակոյանիսը:
«Վրաստանում ԵԱՀԿ-ի ապագա ներկայությունը կարիք ունի մեր հատուկ ուշադրության: Ակնհայտ է, որ իրավիճակը տեղում եւ տարածաշրջանում, ԵԱՀԿ-ի լայն մասնակցությունն է պահանջում», - հայտարարել է կազմակերպության գործող նախագահը:
Հունաստանը ԵԱՀԿ-ում նախագահելու է 2009 թվականի ընթացքում: 2010-ին կազմակերպության նախագահությունը փոխանցվելու է Ղազախստանին:
Հրաչ Մելքումյան, Պրահա