«Նովոյե Վրեմյա»-ն անդրադառնում է Եվրոպայի խորհրդի պատասխանատվության խնդրին` առաջարկվող պատժամիջոցների հարցով. - «Հիշեցնենք, որ պատժամիջոցներ կիրառելը առաջարկել էր Մոնիտորինգի հանձնաժողովը, եւ դրանց էությունն այն էր, որ ստիպեն իշխանություններին առանց դատ ու դատաստանի համաներում կիրառել մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատվության կանչված մասնակիցների նկատմամբ, որոնք, ինչպես կարծում են եվրապատգամավորները, հանդիսանում են քաղբանտարկյալներ: Այս առումով, Եվրոպան ամենաուղիղ առնչությունն ունի այն բացահայտ այլանդակությանը, որ այսօր կատարվում է, այսպես կոչված, «7-ի գործով» դատի ժամանակ: Դատապարտյալները լկտիորեն ու ցինիկաբար անտեսում են դատական ընթացակարգը, դատավորի ներս մտնելիս ոտքի չեն կանգնում, գոռգոռում են, երգեր են երգում, հայհոյում. մի խոսքով` անում են ամեն ինչ, որպեսզի տապալեն դատարանի նիստերը: Չէ՞ որ դրա համար նրանք «դոբրո» ունեն Ստրասբուրգից, որտեղեւ դատի նախօրեին որոշում էր ընդունվել` համաներել եւ վերջ: Հռետորական հարց է, թե կարող էին արդյոք Մոնիտորինգի հանձնաժողովի` կողմ քվեարկած անդամները պատկերացնել, որ իրենց առաջարկը կհանգեցներ Հայաստանում դատական իշխանության վարկաբեկմանը: Թեեւ եվրոպացիները ամենադաժան երազներում էլ չէին տեսել մեր երկրում տիրող իրավական նիհիլիզմի վիճակը»:
Նույն խնդիրը մեկնաբանում է եւ «Հրապարակ»-ը. - «Հետաքրքիր տրամաբանություն ունի մեր իշխանությունը. մի կողմից` չի կարելի ասել, որ թքած ունի ողջ աշխարհի ու մարդկության վրա եւ անում է այն, ինչ սիրտն ուզում է: Ի դեպ, դրա համար պետք է առնվազն Լուկաշենկոյի դուխն ունենալ, Սադամի ռեսուրսները եւ Ստալինի մարդակերությունը: Մյուս կողմից` չի ուզում ընդունել միջազգային հանրության թելադրած խաղի կանոններն ու զիջումների գնալ: Վերջինը նրանց լեքսիիկոնում նշանակում է «կոտրվել», ինչ ավելի ամոթալի են համարում (գողականով), քան մի ողջ պետության խայտառակությունը` Եվրախորհրդում ձայնի իրավունքից զրկվելը»: Թերթը եզրակացնում է. - «Մի վեց ամիս ձգձգելուց եւ քաղաքական հակառակորդներին բանտերում մի լավ խոշտանգելուց հետո իշխանությունն այնուամենայնիվ ստիպված է լինելու քայլեր կատարել: Ինչպես ասում են` սիրով չանես, զոռով անել կտան»:
Սակայն, իշխանական պատգամավոր, խորհրդային քաղբանտարկյալ Ռազմիկ Զոհրաբյանը «Հայոց Աշխարհ»-ին ասում է. - «Խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո սկսված գունավոր հեղափոխությունը կիսատ մնաց, եւ հիմա ընդդիմության անդրօվկիանոսյան հովանավորները, որ ոգեշնչում էին «ժողովրդի ընդվզումը», եւ եվրոպական կառույցները, որ իրենց հերթին շահագրգիռ են այդ գործընթացը ավարտին հասցնելու, գունավոր հեղափոխության ավելի մեղմ, թեթեւ սցենար են փորձում իրականացնել։ Այն է՝ մարդու իրավունքների խախտումները պատրվակ բռնելով, ճնշումներ գործադրել Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ տնտեսական պատժամիջոցներից սկսած, վերջացրած քաղաքական պատժամիջոցներով՝ Հայաստանի պատվիրակությանը զրկելով ձայնի իրավունքից։ Հիմնական պահանջներից մեկը «Յոթի գործով» մեղադրյալներին ազատ արձակելն է։ Երկու օր առաջ դիտում էի դատական նիստի տեսագրությունը, եւ դահլիճում տեղի ունեցածը այլ կերպ, քան որպես խուլիգանական ակտ, չեմ կարող բնութագրել։ Նույնիսկ սովետական տարիներին, երբ մեզ դատում էին ակնհայտորեն քաղաքական շարժառիթներով, մենք դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չէինք դրսեւորում»։
«ժամանակ Երեւան»-ը զրուցել է քաղբանտարկյալների եւ քաղհալածյալների պաշտպանության կոմիտեի անդամ Կարապետ Ռուբինյանի հետ: Թերթը հարցնում է. - «7-ի գործով» մեղադրողներից Կորյուն Փիլոյանը հայտարարեց, թե հնարավոր է հանդես գա միջնորդությամբ` այս ձեւով շարունակվելու դեպքում դատավարությունն ընթանա առանց քաղբանտարկյալների ներկայության»: Ռուբինյանը պատասխանում է. - «Սա անհեթեթություն է: Ես էլ կարող եմ հակադարձ առաջարկը անել, որ առանց մեղադրողների եւ դատախազների ընթանա դատավարությունը: Կարող են սափրագլուխները եւ քաղբանտարկյալների աջակիցները ներկայացնեն կողմերի շահերը Պանթեոնի մոտակայքում: Ես էլ հակադարձ առաջարկ եմ անում, թող գնան, քննարկեն»: Հարցին, թե հնարավոր համարում է, որ դատավորը որոշում կայացնի առանց քաղբանտարկյալների, ըստ էության, փակ դատավարություն անցկացնելու մասին, Կարապետ Ռուբինյանը արձագանքել է. - «Դա կլինի օրենքի կոպտագույն խախտում, քանի որ նման իրավունք չկա: Չեմ հավատում, որ նման քայլի գնան, բայց մյուս կողմից էլ` սրանցից ամեն ինչ սպասում եմ: Կարող են տրոյկա էլ ստեղծել, ենթադրենք, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Հովիկ Աբրահամյան կազմով, ու այդպես դատ անեն: Սա էլ է տարբերակ»:
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ երեկ ուշ երեկոյան Հայաստանի քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը փորձել են նոր մեթոդներով իրենց մոտ պահվող քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզել, որպեսզի այսօր դրանք ներկայացնեն նախագահական նստավայր. - «Բոլոր կալանավայրերի վարչակազմերին հրահանգվել է մինչեւ այսօր առավոտ, այսինքն` մինչեւ Սերժ Սարգսյանը կհանդիպի Եվրախորհրդի Մոնիտորինգի խմբի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեյի հետ, որոշակի թվով խնդրագրեր ապահովել: Այսպիսով իշխանությունները պետք է փորձեն եվրոպացիներին համոզել, որ իբր` քաղբանտարկյալների խնդիր գոյություն չունի, քանի որ «մարտի 1-ի» քրեական գործով անազատության մեջ գտնվողները իրենք ընդունում են իրենց մեղքը եւ ներում խնդրում, ու Սերժ Սարգսյանը մեծահոգաբար նրանց ներում է շնորհել եւ շնորհում է: Այս ուղղությամբ իրավապահների եւ իշխանական մի շարք օղակների նախաձեռնած «բանակցությունները», այդ թվում նաեւ` պայմանական ազատ արձակված անձանց հետ, երեկ շարունակվել են մինչեւ ուշ գիշեր»:
Աղասի Ենոքյան