Մատչելիության հղումներ

Human Rights Watch. «2008 թվականին Հայաստանն ապրել է ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր»


«2008 թվականին Հայաստանն ապրել է քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ամենալուրջ ճգնաժամը անկախությունից ի վեր», - փաստում է Human Rights Watch հեղինակավոր միջազգային կազմակերպությունը քիչ առաջ հրապարակած զեկույցում:

«Միջազգային փորձագետների համոզմամբ, մարտի 1-ին անվտանգության ուժերը անհամարժեք ուժ են կիրառել նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ, իսկ մարտի 1-ից հետո հայտարարված արտակարգ դրությունը ժամանակավորապես սահամանափակել է մի շարք հիմնարար իրավունքներ: Երկու գործողություններն էլ լայն քննադատության են արժանացել միջազգային հանրության կողմից», - փաստում է Human Rights Watch-ը:

Թվարկելով անցած տարի տեղի ունեցած հիմնական իրադարձությունները` զեկույցի հեղինակները գրում են. - «Փետրվարի 19-ի ընտրություններում հաղթեց վարչապետ Սերժ Սարգսյանը, սակայն այդ ընտրության վրա ստվեր գցեցին քվեարկության օրը տեղի ունեցած բռնություններն ու կեղծիքները»:

Արձանագրելով, որ քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում ընդդիմադիր ակտիվիստները, լրագրողներն ու տեղացի դիտորդները հարձակման են ենթարկվել, Human Rights Watch-ը ընդգծում է. - «Հարձակման որոշ դեպքեր արձանագվել են ոստիկանության եւ ընտրական գործընթացում ներգրավված պաշտոնյաների ներկայությամբ: Վերջիններս, սակայն, տեղի ունեցածին չեն միջամտել, ավելին` մեկ դեպքում ոստիկանը աջակցել է հարձակվողներին: Միջազգային դիտորդները հաղորդել են ընտրությունների ընթացքում տեղ գտած խախտումների, այդ թվում` քվեարկության օրը իրականացված քարոզչության, քվեաթերթիկների լցոնման, ընտրակաշառքների եւ հաշվարկման ժամանակ տեղ գտած սխալների մասին: Դիտորդները միաժամանակ քննադատել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` բողոքների հավուր պատշաճի հետաքննումը ակնհայտորեն ձախողելու համար»:

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին` հեղինակավոր կազմակերպությունը փաստում է. - «Ընդդիմության հիմնական թեկնածուի` Lեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր աջակիցներ ընտրություններից հետո սկսեցին բողոքի ցույցեր անցկացնել Երեւանի կենտրոնում, որոնք 10 օր շարունակ խաղաղ բնույթ էին կրում: Մարտի 1-ին, սակայն, ոստիկանության հատուկ ուժերը հակամարտության մեջ մտան ցուցարարների հետ, նրանց նկատմամբ անհամաչափ ուժ գործադրեցին, մահակներով ծեծի ենթարկեցին եւ հարձակվեցին փախուստի դիմող ցուցարարների վրա»:

Զեկույցը փաստում է, որ բռնություններ են արձանարգվել նաեւ ցուցարարների կողմից. մի քանիսը քարեր են նետել եւ մեքենաներ այրել:

Հարյուրավոր ընդդիմադիրների ձերբակալելուց հետո, ըստ իրավապաշտպան կազմակերպության, ոստիկանները մի շարք ընթացակարգային խախտումներ են թույլ տվել, այդ թվում` ազատազրկվածներին զրկել են արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից, փաստաբանից: Իսկ արդեն դատաքննության ընթացքը կասկածներ է առաջացրել արդար դատավարության վերաբերյալ. - «Մի շարք կալանավորներ դատապարտվեցին բացառապես ոստիկանության ցուցմունքների հիման վրա եւ արագացված դատավարությամբ»:

Անդրադառնալով մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննությանը` զեկույցը նշում է. - «Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ճնշումների տակ Հայաստանի իշխանությունները որոշակի քայլեր են կատարել այս ուղղությամբ, սակայն մինչ օրս արձանագրված զոհերի համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել»:

Զեկույցի համաձայն, անցած տարվա ընթացքում ոտնահարվել է նաեւ խոսքի ազատության իրավունքը, բռնություններ են կիրառվել իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ. - «Փետրվարյան բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները թիրախ էին դարձել ոստիկանության համար: Մասնավորապես, իրավապահների կողմից հարձակման է ենթարկվել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով ավելի ուշ` մարտի 1-ին արդեն ծեծվել է ոստիկանների կողմից, ձերբակալվել, ստացած վնասվածքների պատճառով տեղափոխվել հիվանդանոց եւ ազատ արձակվել միայն Հայաստանի օմբուդսմենի միջամտությունից հետո: Մարտի 1-ին ոստիկանությունը խոչընդոտել է նաեւ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի աշխատանքը, ծեծել վարորդին, ինչպես նաեւ ձերբակալել երկու լրագրողների` Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած ցույցերի ժամանակ»:

Զեկույցն անդրադառնում է նաեւ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությունում հարկային մարմինների կատարած ստուգումներին եւ հայտնաբերած չարաշահումներին` փաստելով. - «Այս քայլերը լայնորեն ընկալվում են որպես հաշվեհարդար` առաջին նախագահ Lեւոն Տեր-Պետրոսյանի` կառավարության գործունեությունը քննադատող ելույթները հեռաձակելու համար»:

Զեկույցը փաստում է, որ մասնագիտական գործունեության համար բռնությունների են ենթարկվել նաեւ մի շարք լրագրողներ, այդ թվում` «Հայկական ժամանակ»-ի թղթակից Lուսինե Բարսեղյանն ու «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակի ղեկավար Հրաչ Մելքումյանը:

Human Rights Watch-ի հաղորդմամբ, տարվա ընթացքում ոստնահարվել է նաեւ մարդկանց` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը: Փաստելով, որ մարտին հայտարարված արտակարգ դրության օրերին Ազգային ժողովը սահմանափակումներ է մտցրել այս դաշտը կարգավորող օրենքում, ապա, միջազգային հանրության ճնշումների տակ` վերանայել դրանք, զեկույցը արձանագրում է. - «Կառավարությունը մերժել է ընդդիմության բազմաթիվ դիմումները` մարտի վերջին հրապարակային ցույցեր անցկացնելու վերաբերյալ, առնվազն 90 մարդ ձերբակալվել է` խաղաղ քաղաքական զբոսանքների մասնակցելու համար»:

«Բացի այդ», - շարունակում են զեկույցի հեղինակները, - «հայաստանյան իրավապաշտպանների համաձայն, մարտի 1-ի կապակցությամբ ազատազրկվածներից մի քանիսը ֆիզիկական ճնշումների են ենթարկվել ձերբակալության ժամանակ, ոստիկանության մեկ բաժանմունքից մյուսը տեղափոխելիս կամ մեկուսարանում, մինչդեռ պաշտոնյաները չեն հետաքննել այս բողոքները»:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, խոշտանգումներն ու ազատազրկվածների նկատմամբ վատ վերաբերմունքը մնում են լայնորեն տարածված երեւույթ Հայաստանի բանտերում:

Զեկույցի ամփոփիչ հատվածում Human Rights Watch-ը արձանագրում է. - «Միջազգային դիտորդները փետրվարյան նախագահական ընտրությունները գնահատեցին հիմնականում երկրի ստանձնած պարտավորություններին համապատասխան, սակայն մտահոգություններ հայտնեցին ընտրական գործընթացի վերաբերյալ: Իշխանությունների կողմից օգտագործված ուժի եւ ցուցարարների ձերբակալությունների կապակցությամբ բազմիցս մտահոգություն է արտահայտել նաեւ Եվրամիությունը, իսկ Միացյալ Նահանգները սառեցրել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի 5-ամյա ծրագրի հետագա հատկացումները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG