Մատչելիության հղումներ

Բաց նամակ` ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին


Հետընտրական իրադարձությունների կապակցությամբ անազատության մեջ գտնվող շուրջ չորս տասնյակ գործիչներ բաց նամակ են հղել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին` պնդելով, թե վերջիններս «հսկայական վնաս» են հասցրել իրենց ներկայացրած եվրոպական կառույցների հեղինակությանը։

«2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները ըստ էության դեռ չավարտված, ի հեճուկս հսկայածավալ աղաղակող փաստերի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունները շտապեցին հայտարարել. - «Նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել են ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական շրջանում եւ քվեարկության ժամերին»։ Գոտեպնդված ու խրախուսված առաջին հերթին հենց այս հապշտապ, անհիմն ու հանցավոր գնահատականից, որի տակ կար նաեւ Ձեր, պարոն Պրեսկոտ, ստորագրությունը, ավազակապետության պարագլուխները համարձակվեցին իրագործել խաղաղ ցուցարարների մարտիմեկյան բարբարոսական ջարդն ու արյունոտ սպանդը», - ասված է, մասնավորապես, բաց նամակում, որը ստորագրել են «7-ի գործով» անցնող գործիչները, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, պետեկամուտների նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը եւ այլոք: - «Դուք, պարոնայք Պրեսկոտ եւ Կոլոմբիե, ԵԽԽՎ ամառային նստաշրջանից առաջ հայտարարեցիք, թե Հայաստանի իշխանությունները մեծ առաջընթաց են արձանագրել 1609 բանաձեւի պահանջների կատարման ուղղությամբ։ Ձեր հայտարարություններով եւ կեցվածքով էր պայմանավորված 1609 բանաձեւի պահանջների կատարման ժամկետը եւս վեց ամսով երկարաձգվելը: Դրանով դուք նպաստեցիք նաեւ մարտի 1-ի սպանդը չբացահայտելու ՀՀ իշխանության ծրագրին»:

«Մոնիտորինգի կոմիտեի դեկտեմբերի 17-ի որոշումից հետո, վարչախումբը դրան արձագանքել է քաղբանտարկյալներին բանտախցերում ֆիզիկական բռնությունների ենթարկելով։ Միաժամանակ, խոշտանգումների միջոցով անհատական ներման խնդրագրեր են կորզվել մեր ընկերներից, որոնց, 9 հոգու, ձեր այցի նախօրյակին «մեծահոգաբար» ներում շնորհեց ձեր հոգեզավակ գողիշխան ինքնակոչը։ Դուք այս անգամ էլ եկել եք, որպեսզի այդ «փաստը» տանեք ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանին որպես «էական առաջընթացի ապացո՞ւյց»։ Որքան հասկանում ենք, դուք այլ խնդիր, քան իշխանագողերին սպասվող պատժից փրկելը ու մեր անազատությունը հերթական անգամ երկարաձգելը, չեք կարող ունենալ: Դրանով դուք միայն կմեծացնեք ձեր անպայման կրելիք անձնական պատասխանատվության չափը», - ասված է նամակում, որը տարածել է «Հայաստանի քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն»:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողները եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը Երեւան կժամանեն հունվարի 15-ին:

Այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, մարտի 1-2-ի իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, փորձագետների փաստահավաք խմբի անդամների հետ:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսից եւ Ազգային ժողովի միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից «Ազատություն» ռադիոկայանին երեկ փոխանցել էին, որ համազեկուցողների հետ հանդիպման առաջարկ իրենք չեն ստացել:

ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանից առաջ սա Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների վերջին այցն է Հայաստան` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:

ԵԽԽՎ-ի նստաշրջանը անցկացվելու է հունվարի 26-30-ը: Մոնիտորինգի հանձնաժողովը դեկտեմբերի 17-ի իր նիստում առաջարկել է Վեհաժողովում Հայաստանի պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG