Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոն. «Մեր արտաքին քաղաքականությունում համադրվելու են սկզբունքները եւ պրագմատիկ մոտեցումները»


«Ես համաձայն չեմ նրանց հետ, որոնք պնդում են, թե ավարտվում է այն ժամանակաշրջանը, երբ Միացյալ Նահանգները առաջատար դիրք ուներ համաշխարհային ասպարեզում», - ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում երեկ կայացած լսումների ժամանակ հայտարարել է Հիլարի Քլինթոնը, ով ընտրված նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրվել է պետքարտուղարի պաշտոնում:

Մոտ երկու ժամ տեւած նիստի ընթացքում Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկինը սենատորներին է ներկայացրել ամերիկյան արտաքին քաղաքականության հիմնական ուղենիշները ապագա 4 տարիների համար:

«Ընտրյալ նախագահն ու ես համոզված ենք, որ մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի սկզբունքների եւ պրագմատիկ մոտեցումների համադրման, այլ ոչ թե գաղափարախոսության, հույզերի կամ նախապաշարմունքների վրա», - հայտարարել է Քլինթոնը` ԱՄՆ-ի ապագա վարչակազմի արտաքին քաղաքական ռազմավարությունը բնութագրելով որպես «ուժի խելամիտ կիրառման» քաղաքականություն:

«Մենք պետք է օգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները` դիվանագիտական, տնտեսական, ռազմակական, մշակութային եւ իրավական», - վստահեցրել է Քլինթոնը:

Խոսելով Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի մասին` նա հայտարարել է. - «Մենք պետք է կարողանանք ապահովել Իսրայելի անվտանգությունը, ինչպես նաեւ բավարարենք պաղեստինցիների քաղաքական ու տնտեսական ձգտումները: Բացի այդ, մենք Իրանից շարունակելու ենք պահանջել` վերջ տալ թե’ միջուկային ծրագրին եւ թե’ ահաբեկչության հովանավորմանն ուղղված քաղաքականությանը: Պետք է հասնենք նաեւ նրան, որ Իրանն ու Սիրիան վերջ տան իրենց վտանգավոր պահվածքին` դառնալով տարածաշրջանային զարգացումների կառուցողական դերակատար»:

Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հիլարի Քլինթոնը ասել է. - «Ես եւ ընտրյալ նախագահ Օբաման կողմ ենք ռազմավարական հարցերում Ռուսաստանի կառավարությանը որպես գործընկեր ներգրավելուն: Դրա հետ մեկտեղ, մենք հաստատակամորեն պաշտպանելու ենք ամերիկյան արժեքներն ու միջազգային նորմերը»:

Lսումների ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդեսը բարձր է գնահատել Հիլարի Քլինթոնի աջակցությունը Հայոց ցեղասպանության ճանաչմանը ուղղված նախաձեռնություններին եւ կոչ է արել նրան տվյալ հարցում նույն սկզբունքային դիրքորոշումը ցուցաբերել նաեւ երկրի բարձրագույն դիվանագիտական պաշտոնում:

Քլինթոնը վստահեցրել է, որ ամերիկյան նոր վարչակազմը ուշադրության կենտրոնում կպահի այդ հարցը եւ կձգտի արդյունավետ լուծում տալ դրան:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG