Մատչելիության հղումներ

Եվրադատարանը բավարարել է երեք քաղաքացիների հայցերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր բավարարել է Սարգիս Ամիրյանի, Մաքսիմ Գասպարյանի եւ Ժորա Սափեյանի հայցերը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Եվրադատարանում երեք հայցվորների շահերը ներկայացնող փաստաբան, «Ֆորում» իրավունքի կենտրոնի ղեկավար Տիգրան Եսայանը, 7 դատավորների` միաձայն կայացրած որոշմամբ, հայցվորներից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 3 հազար եվրո փոխհատուցում:

Հայցվորները Եվրադատարան էին դիմել 2003 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ, երբ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու համար Ամիրյանը եւ Գասպարյանը ենթարկվել էին տասնօրյա վարչական կալանքի, իսկ Սափեյանը` վարչական տուգանքի:

Դատարանը որոշել է, որ խախտվել է հայցվորների` ժողովների եւ միավորումների ազատության իրավունքը, որն ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածում:

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեկտեմբերի սկզբին:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG