Շաբաթ օրը մեղադրանք առաջադրվեց 4 հոգու, երեկ` եւս 9-ին: Նրանցից մեկը պաշտոնաթող գեներալ Քեմալ Յավուզն է, որը վերջին շրջանում հանդես էր գալիս կառավարության դեմ ուղղված խիստ քննադատական հարցազրույցների շարքով: Ընդհանրապես, ըստ թուրքական լրատվամիջոցների, բոլոր մեղադրյալները աշխարհիկ կարգերի կողմնակիցներ են:
Անցյալ շաբաթվա կեսերին վերսկսված օպերատիվ գործողությունների արդյունքում «Էրգենեկոնի գործով» ձերբակալվեց շուրջ 40 մարդ, այդ թվում` Ստամբուլի նախկին քաղաքապետ Բեդրեթին Դալանը, նախկին գլխավոր դատախազ Սաբիհ Քանադօղլուն:
«Ֆրանսպրես» եւ «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունների փոխանցմամբ, թուրքական դատարանը երեկ միաժամանակ որոշել է ազատ արձակել կասկածյալներից 10-ին:
Միաժամանակ հաղորդվում է, որ շաբաթավերջին Թուրքիայի մի շարք շրջաններում իրականացված օպերատիվ գործողության արդյունքում Անկարայի շրջակայքում հայտնաբերվել է գաղտնի զինապահեստ: Ենթադրվում է, որ ձերբակալվածներն առնչություն ունեն դրա հետ:
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները ձերբակալությունները համարում են քաղաքական հետապնդման դասական օրինակ եւ հայտարարում են, որ Ռեջեփ Էրդողանի կառավարությունը պարզապես հաշվեհարդար է տեսնում այն բոլոր անձանց հետ, ովքեր երբեւիցե քննադատել են իշխանություններին:
Վարչապետ Էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն եւ Զարգացում» կուսակցության հավաքի ժամանակ, ընդդիմադիրներին խորհուրդ է տվել չմիջամտել քրեական գործընթացներին:
«Էրգենեկոն» անվանումը կրող ընդհատակյա ցանցի շուրջ սկանդալը սկիզբ առավ 2008 թվականի գարնանը: Թուրք իրավապահները պնդում են, թե «Էրգենեկոն»-ը պաշտոնաթող զինվորականներից, ինչպես նաեւ լրագրողներից ու գործարարներից կազմված ընդհատակյա կազմակերպություն է, որը ծրագրում էր 2008-ի երկրորդ կեսին պետական հեղաշրջում իրականացնել Թուրքիայում:
Գործի շրջանակներում ձերբակալվածների թիվն այժմ անցնում է 100-ից:
Իրինա Հովհաննիսյան, Պրահա