«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Բագրատ Ասատրյանը նշեց, որ 2009-ին Հայաստանի տնտեսության առաջնահերթ խնդիրը կլինի գործազրկությունը:
«Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով», - մեկնաբանեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը, - «համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, հայ աշխատավորի համար արդեն ավանդական դարձած աշխատանքային միջավայրի որակական փոփխությունները, որին հետեւելու են աշխատատեղերի կորուստներ` խոսքը Ռուսաստանի մասին է եւ երրորդ կարեւոր գործոնը` գյուղատնտեսության ոլորտում թաքնված գործազրկությունը բացահայտվելու է հենց 2009 թվականի ընթացքում»:
Հարցին, թե կառավարության ներկայացրած հայտարարություններից կարե՞լի է պատկերացնել, թե խնդիրների լուծման առումով ինչ քայլեր են սպասվում, Ասատրյանը պատասխանեց. - «Խնդիրն այն է, որ ոչ մի բան չի արվում: Իրականում ես դեռ չեմ տեսել որեւէ նախաձեռնություն, որեւէ հարցադրում, խնդիրների մի համախումբ, որոնք պետք է ուղղված լինեն վիճակից դուրս գալուն»:
«Իմ տպավորությունն այն է, որ միակ ձգտումը այն է, որ զեկուցեն, թե ինչ լավ է ամեն ինչ», - ասաց Ասատրյանը, կոչ անելով «ուշքի գալ», քանի որ 2009-ը թվականը տնտեսական առումով բարդ տարի է լինելու:
«2008 թվականի ամենածանր դրսեւորումը տնտեսության մեջ, դա մեր միջազգային պահուստների, ըստ էության, վատնումն էր», - նշեց Կենտրոնական բանկի նախկին նախագահը, հավելելով` «ծախսելու միակ ուղղությունը, կարող եմ ենթադրել, որ դրամի փոխարժեքի որոշակի մակարդակի պահպանումն է, մի բան, որը Կենտրոնական բանկի խնդիրը չէ»:
Այդպիսով, ըստ Ասատրյանի, Կենտրոնական բանկը արհեստական կերպով փորձում է ինչ-որ չափով ազդել գնաճի վրա:
«2009-ին անբարենպաստ գործոնները ավելի մեծ են լինելու: Այս պարագայում պահուստները վատնել թվացյալ խնդիրների լուծման համար, ես կարծում եմ, ուղղակի անլուրջ է», - հայտարարեց Բագրատ Ասատրյանը:
«Այսօր մենք նաեւ ունենք խոշոր ներկրողների մենաշնորհային դիրքի խնդիրը, որն ազդում է գների վրա: Տեսեք աշխարհում նավթամթերքների գներն ինչքան են իջել: Եթե Ռուսաստանի կորը մեզանում շարունակվեր, բենզինի գինը 200 դրամի չափ պետք է լիներ: Հացի գինը երեսուն տոկոսով պետք է նվազեր», - հայտարարեց Ասատրյանը:
Կենտրոնական բանկի նախկին նախագահն առաջարկեց է հետեւյալ լուծումները. - «Առաջին հերթին իշխանությունները պետք է ազնվորեն գնահատեն խնդիրները ու դրանց դիմակայելու համար ներքին համաձայնություն է պետք` քաղաքական համաձայնություն: Հեծանիվներ պետք չէ հորինել: Հետեւենք Ռուսաստանի օրինակին` հարկային բեռի թեթեւացման ճանապարհն են բռնել»:
Անուշ Մարտիրոսյան