Մատչելիության հղումներ

Թուրք մտավորականների նախաձեռնության առնչությամբ գործ է հարուցվել


Թուրքիայի դատախազությունը քննություն է սկսել, որի հետեւանքով կարող են մեղադրանքներ առաջադրվել անցյալ դարասկզբի իրադարձությունների համար հայերից ներողություն խնդրելու ինտերնետային արշավի նախաձեռնողներին: Այդ մասին այսօր հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը:

«Անատոլիա» գործակալության փոխանցմամբ` Անկարայի նահանգային դատախազը փորձում է պարզել, թե արդյո՞ք նախաձեռնության հեղինակ մտավորականները խախտել են Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «թուրք ժողովրդին վիրավորելու» համար:

Շուրջ 200 թուրք մտավորականներ մոտ մեկ ամիս առաջ ինտերնետում տեղադրած հայտարարությամբ հայ ժողովրդից ներողություն են խնդրում Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածի համար` դա որակելով «Մեծ աղետ», իսկ տեքստի հայերեն տարբերակում` «Մեծ Եղեռն»: Հայտարարությանը արդեն միացել է 25 հազարից ավելի մարդ` աջակցություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին:

Նախաձեռնությունը քննադատել են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ զինված ուժերի ազդեցիկ ներկայացուցիչները:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել էր, թե մտավորականների նախաձեռնությունը երկրում ժողովրդավարության առկայության ապացույց է, ինչի հետեւանքով արժանացել էր ընդդիմադիրների քննադատությանը: Իսկ վերջերս թուրքական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում թուրքական պետության ղեկավարն ասել է, թե այդ նախաձեռնությունը չի նպաստում հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու ջանքերին: Ավելի վաղ նույնպիսի կարծիք էր հայտնել նաեւ արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Ի պատասխան Եվրամիության խիստ քննադատության` Թուրքիան անցած տարի փոփոխություն է կատարել տխրահռչակ 301 հոդվածում, եւ դրա հատկանիշներով դատական գործ հարուցելու համար այժմ պահանջվում է արդարադատության նախարարի հավանությունը: Այդուհանդերձ, այդ հոդվածը շարունակում է ազատազրկում նախատեսել «թուրք ժողովրդին վիրավորելու» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG