Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները եւ Վրաստանը ռազմավարական համագործակցության պայմանագիր կստորագրեն


Ակնկալվում է, որ այսօր Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր կստորագրեն:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ստորագրվելիք պայմանագիրը բնորոշել է որպես «պատմական»` ընդգծելով. - «Նախկինում Միացյալ Նահանգներում Վրաստանը երբեւէ չեն անվանել ռազմավարական գործընկեր»:

Թեեւ կողմերը դեռեւս չեն հրապարակում ստորագրվելիք փաստաթղթի մանրամասները եւ դրույթները, այդուամենայնիվ, հայտնի է, որ դրա օգնությամբ Միացյալ Նահանգները հնարավորություն է ստանալու բարեփոխել վրացական բանակը:

«Թե կոնկրետ ինչպես է այդ համագործակցությունն իրականացվելու` փաստաթղթում նշված չէ, սակայն նախագահ Բուշն արդեն ասել է, որ մենք համագործակցելու ենք Վրաստանի հետ անվտանգության ոլորտում», - հայտարարել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան եւ ընդգծել. - «Կարեւորն այն է, որ Վրաստանի բնակչությունը անվտանգ եւ ապահով զգա իրեն»:

Ըստ Բրայզայի, փաստաթուղթը ենթադրում է նաեւ համագործակցություն քաղաքականության եւ ժողովրդավարության ոլորտներում, ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրում:

«Այդօրինակ համաձայնագրեր Միացյալ Նահանգները ունի փոքրաթիվ երկրների հետ: Սա շատ կարեւոր փաստաթուղթ է, որը լայնորեն կբացի ամերիկյան շուկայի դռները վրացական ապրանքների առջեւ», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեն:

Վրաստանյան ընդդիմությունը, մինչդեռ, խստորեն քննադատում է ստորագրվելիք համաձայնագիրը:

Լեյբորիստական կուսակցությունը, մասնավորապես, պնդում է, թե Սահակաշվիլիի վարչակազմը պատրաստվում է Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմակայաններ տեղակայել 90 տարի ժամկետով:

«Մենք հորդորում ենք նախագահ Բուշի, ինչպես նաեւ Սպիտակ տան նոր վարչակազմին` Վրաստանն ու Կովկասը չդարձնել գերտերությունների միջեւ ծավալվող բաց պատերազմի էպիկենտրոն», - երեկ հայտարարել է Լեյբորիստական կուսակցության մամուլի խոսնակը:

Պաշտոնական Թբիլիսին հերքում է ընդդիմության մեղադրանքները եւ դրանք որակում որպես «վառ երեւակայության արդյունք»:

«Մեր նպատակն է ամրապնդել Վրաստանի բանակը եւ ոչ թե մեր անվտանգությունը վստահել դրսի ուժերին», - վստահեցրել է խորհրդարանի խոսնակը:

Կողմերը խոստանում են ստորագրումից հետո հրապարակել պայմանագրի բոլոր մանրամասները:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG