Մատչելիության հղումներ

Արա Հարությունյան. «Ստիպված ենք փոփոխություն մտցնել բյուջեի նախագծում»


Լեռնային Ղարաբաղում սկսել են զգալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները: Ղարաբաղի խոշորագույն ձեռնարկություններից մեկը` «Base Metals» հանքարդյունաբերական ընկերությունը սկսել է ֆինանսական վնասներ կրել միջազգային շուկայում մետաղների, մասնավորապես` պղնձի գնի անկման հետեւանքով:

«Կարեւորագույն մետաղների գների խիստ անկում է տեղի ունեցել, այնպիսի մետաղների, ինչպիսին պղինձն է: Մեր պարագայում պղինձը կազմում էր մեր ապրանքային արժեքի մի զգալի մասը: Պղնձի գինը նվազեց երկու եւ ավելի անգամ` նախկին գնի համեմատ, ինչի արդյունքում մեր ֆինանսական մուտքերը կտրուկ նվազեցին եւ, բնականաբար, վճարվող հարկերի ծավալն էլ նվազեց, ինչը բերեց ծանր հետեւանքի թե' բյուջեի, թե' Ղարաբաղի տնտեսության համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց «Base Metals» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Արթուր Մկրտումյանը:

Ընկերությունը շարունակում է արտադրանք թողարկել եւ աշխատողների կրճատումներ չի իրականացրել, սակայն, ֆինանսական մուտքերի նվազման հետեւանքով հարկադրված է եղել 7-15 տոկոսով նվազեցնել վճարվող աշխատավարձերը:

Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, վերջերս լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ հույս հայտնեց, որ Ղարաբաղի ժողովուրդը չի զգա ֆինանսական ճգնաժամի հետեւանքները:

«Պլանավորված ծախսերը պետք է 61 միլիարդ դրամից ավել լինեին», - ասաց Լեռնային Ղարաբաղի վարչապետը, - «Ստիպված ենք փոփոխություն մտցնել բյուջեի նախագծում եւ ծախսերը պլանավորել 59 միլիարդով»:


Լուսինե Մուսայելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG