Մատչելիության հղումներ

Բրյուսելում եւ Պրահայում քննարկվում է ռուսական գազի մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը


Այսօր Բրյուսելում նախատեսված է Եվրամիության ներկայացուցիչների հանդիպումը ռուսական «Գազպրոմ» եւ ուկրաինական «Նաֆթոգազ» ընկերությունների ղեկավարների հետ` գազի մատակարարման շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը քննարկելու նպատակով: Միաժամանակ, Պրահայում ծրագրված է Եվրամիության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որի ընթացքում ակնկալվում է համատեղ հայտարարության ընդունում:

Ռուս-ուկրաինական վեճի պատճառով եվրոպական շուրջ մեկ տասնյակ երկրներ այս օրերին կանգնած են էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի առջեւ: Երեկվանից ամբողջովին դադարեցվել է ռուսական գազի մատակարարումը Եվրոպա:

«Եթե գազի տարանցումը չկարգավորվի` մենք լուրջ խնդիրներ կունենանք: Եվ ստիպված կլինենք Ուկրաինայի տարածքով ռուսական գազի փոխադրումը չդիտարկել որպես առաքման վստահելի աղբյուր», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Եվրամիությունում նախագահող Չեխիայի ղեկավարների հետ երեկ Պրահայում կայացած հանդիպումից հետո:

Չեխիայի վարչապետ Միրեկ Տոպոլանեկը, իր հերթին, հավելել է, թե «եթե մինչեւ հինգշաբթի գազի մատակարարումը Եվրոպա չվերականգնվի, ապա սպառնալիքի տակ կդրվեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ Եվրամիության հարաբերությունները, եւ Եվրամիությունը ավելի կոշտ դիրքորոշում կորդեգրի»:

Ռուսական եւ ուկրաինական կողմերը, մինչդեռ, շարունակում են մեղադրանքներ փոխանակել հունվարի 1-ից սկսված ճգնաժամի համար, երբ «Գազպրոմ»-ը դադարեցրեց գազի մատակարարումը Ուկրաինային` պահանջելով վճարել կուտակված ավելի քան 2 միլիարդ դոլար պարտքը, եւ մի քանի անգամ թանկացրեց Կիեւին մատակարարվող գազի գինը: Ի պատասխան`Ուկրաինան սպառնաց բարձրացնել իր տարածքով ռուսական գազի տարանցման գինը:

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ուկրաինացի պաշտոնակից Վիկտոր Յուշչենկոյի հետ հեռախոսազրույցում պահանջել է բացել գազի տարանցման ուղիները` միաժամանակ ընդգծելով, որ Ռուսաստանը մտադիր չէ տեղի տալ ճնշումներին եւ Ուկրաինայի համար զեղչեր սահմանել:

Անցած գիշեր Մոսկվայում կայացել են «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի եւ «Նաֆթոգազ Ուկրաինիի»-ի ղեկավար Օլեգ Դուբինի բանակցությունները, որոնց արդյունքների վերաբերյալ երկու ընկերություններից էլ մանրամասներ չեն հաղորդում:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG