Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Դեկտեմբերի 29-ին ԼՂՀ Ազգային ժողովի բոլոր 3 խմբակցությունների ղեկավարները Ղարաբաղի խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի անունից հանդես են եկել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ աննախադեպ հայտարարությամբ: «Ելնելով իր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ քաղաքացիների անվտանգության արդյունավետ ապահովման գերակայությունից, ԼՂՀ-ն չի կարող որեւէ այլ կոնտեքստում մասնակից լինել հակամարտության գոտում ստեղծված հավասարակշռությունը փոփոխելուն ուղղված դիվանագիտական ջանքերին եւ պատասխանատվություն չի կրի որեւէ պայմանավորվածության համար, որը ձեռք կբերվի առանց իր ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ դրսեւորված համաձայնության», - նշված է այդ հայտարարության մեջ»: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային ճնշումները Սերժ Սարգսյանի նկատմամբ ահագնանում են:

«Հայաստանի իշխանությունները շարունակում են անասելի ջանքերի շնորհիվ, այդ թվում նաեւ` անթաքույց ուժային մեթոդներով, պահել դրամի փոխարժեքը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Կենտրոնական բանկը շարունակում է դոլար «լցնել» շուկա` տարադրամի նկատմամբ պահանջարկը բավարարելու նպատակով: Դոլարը, իհարկե, վերցվում է արտաքին պահուստներից»: Ասածը հիմնավորելու նպատակով, հոդվածագիրը մեջբերում է տարեվերջին Կենտրոնական բանկի հրապարակած աղյուսակից, ըստ որի «անցած 11 ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին պահուստները նվազել են 160 մլն դոլարով»: «Սպասվում է, որ հունվարին Կենտրոնական բանկը դրամի փոխարժեքը պահելու համար ստիպված կլինի ավելի շատ դոլար վաճառել»: Եվ, ըստ թերթի եզրահանգման` փոխարժեքի պահպանումը «իշխանությունների հերթական նվերն է խոշոր ներկրողներին»:

«Նոր տարին հին ճգնաժամով» խորագրի ներթո «Փակագիծ»-ը գրում է. - «Հայաստանում ամանորի շեմին այդքան էլ չզգացվեց մարդկանց գնողունակության անկումը: Սակայն տոներից հետո այդ ամենը լինելու է չափազանց նկատելի, քանի որ դրանից հետո մարդիկ ոչ այնքան մեծ քանակով են մեկնելու արտագնա աշխատանքի, քանի որ նրանց աշխատանքի վայրերում, ասենք Ռուսաստանում, ոչ միայն կրճատվել են աշխատատեղերը, այլ նույնիսկ որոշումներ են կայացվում արտերկրից Ռուսաստան աշխատանքի եկածների քանակը սահմանափակելու մասին: Սրան գումարվելու է մեկ այլ հանգամանք. ձմեռվա պաշարները հանրության մոտ ավարտվելու են... առաջանալու է նոր գնումների պահանջարկ, սակայն մարդիկ զգալու են, որ նվազել են իրենց եկամուտները... Այս ամենը բերելու է հոգեբանական լուրջ բարդությունների, ինչը մեծ լարվածություն է առաջացնելու հասարակության շրջանում»:

«Հսկիչ-դրամարկղային շահող նոր կտրոնները սպառնում են գլխացավանք դառնալ ողջ հայ ժողովրդի համար», - կանխատեսում է «Կապիտալ» թերթը եւ հիմնավորում. - «Համենայնդեպս, հունվարյան առաջին օրերի փորձն այդ մասին է վկայում: Խանութների մեծ մասում հունվարի առաջին օրերին ՀԴՄ շահող կտրոնը հնարավոր է ստանալ միայն հիշեցումից հետո, չնայած դա էլ երաշխիք չէ, որ կտրոնը կտրամադրեն... Այս ամենը, բնականաբար, քաղաքացիների մոտ ավելորդ նյարդայնություն է ստեղծում. բոլորը չէ, որ տրամադրված են ժամանակ եւ նյարդեր քայքայել վաճառողուհիներից կտրոն պահանջելու համար: Շատ բան կախված է առաջիկա խաղարկություններից: Քաղաքացիների մի մասը առայժմ անտարբեր է շահող կտրոնների նկատմամբ միայն այն պատճառով, որ չի հավատում խաղարկության օբյեկտիվությանը: Հայաստանում այնքան շատ լոտոներ ու խաղարկություններ են կեղծվել, որ մարդկանց մեջ կորել է հավատը նաեւ պետական խաղարկությունների նկատմամբ»:

«Լրագիր» էլեկտրոնային էջի մեկնաբանը նույնպես կանխատեսում եւ մեկնաբանությունն է անում 2009-ին Հայաստանին սպասվող մարտահրավերների վերաբերյալ. - «2009 թվականը լինելու է դժվար տարի: Երկրի ներքին կյանքի ազատականության ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրների չլուծվածության պարագայում Հայաստանը ստիպված է դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամին: Կառավարությունը խոսում է այդ ճգնաժամի առաջին ալիքը հաղթահարելու, երկրորդին պատրաստվելու մասին, այսինքն` բաժանում է ճգնաժամը մասերի: Սակայն հազիվ թե այդ դեպքում գործի «բաժանիր, որ տիրես» սկզբունքը` ստիպելով, որ ալիքների բաժանված ճգնաժամը ենթարկվի մեր կառավարության կամքին»: Հեղինակի դիտարկմամբ, սակայն, ճգնաժամի դեմ պայքարի որեւէ այլ գործուն միջոց, որ կապված կլինի երկրում «լուրջ եւ իրական բարեփոխումներ իրականացնելու քայլերի հետ, Հայաստանի կառավարությունը կարծես թե չի ծրագրում». - «Նոր Տարին նոր հնարավորություն է, թեեւ հնարավորությունների կորստի նախադեպերի առատությունը եւ իշխանության մտածողության դրսեւորումը հուշում է, որ 2009 թվականին էլ իշխանության ու քաղաքացիների հարաբերությունը, համենայն դեպս վերնախավի ընկալման տեսանկյունից, լինելու է ցլի ու մատադորի հարաբերության որակի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG