Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների 111-րդ Կոնգրեսի գործունեությունը սկսվեց սկանդալով


Միացյալ Նահանգների նորընտիր Կոնգրեսի գործունեությունը սկսվել է սկանդալով. երեկ Կոնգրեսի երդման արարողության ժամանակ Իլինոյսի նահանգապետի կողմից նշանակված սենատոր Ռոլանդ Բարիսին թույլ չեն տվել մտնել դահլիճ:

«Ես ներկայացրեցի իմ մանդատը Սենատի քարտուղարին, բայց նա ասաց, թե իմ մանդատը կարգին չէ», - լրագրողներին պատմել է Բարիսը` հավելելով. - «Ես չեմ ուզում հակամարտության մեջ մտնել եւ կքննարկեմ բոլոր հնարավորությունները, կխորհրդակցեմ իրավաբանների հետ»:

Նահանգապետ Ռոդ Բլագոեւիչը նահանգի նախկին դատախազ Ռոլանդ Բարիսին նշանակել էր Բարաք Օբամայի` ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո թափուր մնացած տեղում: Նշանակման հետ կապված սկանդալ առաջացավ. նահանգապետին կասկածեցին սենատորի տեղը վաճառելու մեջ, նրա դեմ գործ հարուցվեց, դեկտեմբերի 8-ին նա ձերբակալվեց, գործը շարունակվում է: Բլագոեւիչը իրեն մեղավոր չի ճանաչում:

Թեեւ նահանգապետը կարող է սենատոր նշանակել, սակայն տվյալ դեպքում իրավաբանական տեսակետից մի բաց կա. Իլինոյս նահանգի պետքարտուղարը հրաժարվել է ստորագրել նշանակման տակ, այնինչ նրա ստորագրությունը եւս անհրաժեշտ է:

USA Today օրաթերթի եւ Gallup-ի հարցման արդյունքներվ` ամերիկացիների մեծամասնությունը գտնում է, որ Ռոլանդ Բարիսի մուտքը Սենատ պետք է արգելափակվի, Սենատում նա չպետք է տեղ ունենա, եւ նրա փոխարեն Սենատի թափուր տեղը լրացնելու համար Իլինոյսում պետք է հատուկ ընտրություն անցկացվի:

111-րդ Կոնգրեսի երկու պալատներում` Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում, մեծամասնություն են կազմում դեմոկրատները:

Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնում իր գործունեությունը շարունակում է Նենսի Փելոսին: Երեկ նա իր ելույթում ասել է, որ Կոնգրեսը երկրի նախագահի հետ միասին պետք է իրագործի ամերիկացիներին տված խոստումները, եւ որ արագ գործողությունների կարիք կա` տնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG