Թեեւ քաղաքում մեծ ավերածություններ չեն առաջացել, մարդիկ ստիպված են եղել մի քանի անգամ թաքնվել ռմբապաստարաններում:
Բերշեւայի հայկական համայնքի պատասխանատու Լեւոն Սուքիասյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ այստեղ 15 հայ ընտանիք է ապրում:
«Այսօր ընկավ մի հատ «Գրադ», նորից` բաց տարածքում: Ժողովուրդը լարված վիճակի մեջ են: Հայությունը, ովքեր երկար ժամանակ են ապրում այստեղ, երեւի արդեն սովորել են այդ վիճակին, իսկ նոր եկած հայերը մի քիչ վախենալով ընդունեցին դա», - ասաց Սուքիասյանը:
Մարդիկ այս պայմաններում շարունակում են աշխատանքի գնալ, միեւնույն ժամանակ` փորձում են մշտապես կապի մեջ մնալ հարազատների ու ընկերների հետ, ասաց հայկական համայնքի պատասխանատուն:
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ցամաքային գործողություն սկսելուց 11 օր անց, պաղեստինյան աղբյուրների տվյալներով, զոհվել է ավելի քան 560 պաղեստինցի:
Ռազմական գործողությունների հետեւանքով կորուստներ է ունեցել նաեւ իսրայելական բանակը: Լրատվական գործակալությունները հաղորդում են առնվազն 8 իսրայելցի զինվորների մահվան մասին:
Արտյոմ Չերնամորյան, Թել Ավիվ