«Որովհետեւ ժամանակն էլ ցույց տվեց, որ հանձնաժողովը ընդամենը ստեղծվել է հասարակական ուշադրությունը շեղելու. բացարձակապես անպտուղ զբաղմունք, որի արդյունքը հենց ինքը` հասարակությունը տեսավ, որովհետեւ այդքան նիստերի ընթացքում կոնկրետ բացահայտում չեղավ, ավելին ասեմ` անգամ սովորական մարդկային կարեկցանք ու բարի կամքի դրսեւորման տարրեր ես չտեսա: Ընդամենը պատվեր էին կատարում` վերջ», - հայտարարեց Աբրահամյանը:
Որպես ասվածի ամենավառ ապացույց` նա վկայակոչեց ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված 33-րոպեանոց ֆիլմի օրինակը, «որում արտառոց կադրեր կային. ուղղակի ասացին, քննարկեցին, բայց բացահայտ իշխանությունների կողմից կատարված հանցագործությունները, որոնք այդտեղ առկա էին առանձին էպիզոդների կարգով, բացարձակապես անպատասխան մնացին»:
Հարցին` արդյոք ավելի ճիշտ չէ՞ր ընդդիմության մոտ առկա փաստերը հանձնաժողովում վերհանելը եւ պահանջելը, որպեսզի հանձնաժողովի աշխատանքը ավելի նպատակաուղղված լինի, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. - «Իրենք կարող էին գոնե օբյեկտիվ գնահատական տալ ինչ-որ մի արարքի, ինչ իրենք տեսել են, ինչը մարդկայնորեն իրենց վրա ազդել է` ես նկատի ունեմ ընդդիմության այդ տեսաժապավենը: Դատապաշտպանի կեցվածք ընդունած` իշխանությունների ամբողջ այդ վայրենի գործողություններն արդարացնելու միտում է նկատվում: Այդ առումով, ուղղակի անիմաստ կլիներ այդ հանձնաժողովին մասնակցելը: Ես միտումը տեսնում եմ, թե մոտավորապես ինչ եզրակացություն է լինելու»:
«Ասել էինք` «խնդրում ենք քաղբանտարկյալներին բաց թողեք, եւ պատրաստ ենք երկխոսության նստելու ձեզ հետ»: Բայց իրենք դա չարեցին, որովհետեւ դա իրենց վերջը կլիներ` երեւի իրենք էդպես են մտածում», - ասաց ընդդիմադիր գործիչը:
Սուրեն Աբրահամյանը հերքեց այն տեսակետը, թե մի շարք գործիչների` հետընտրական իրադարձությունների կապակցությամբ ազատազրկման մեջ գտնվելը ընդդիմությանը պետք է եվրոպական կառույցներում Հայաստանի իշխանություններին պախարակելու համար:
«Սեփական անճարակությունն արդարացնելու համար նրանց ֆանտազիան երբեմն ուղղակի զարմանահրաշ բաներ է անում: Ո՞նց կարելի է մեզ մեղադրել մի բանում, որի տերը իրենք են», - ընդգծեց նա:
Աստղիկ Բեդեւյան