Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյան. «Հայաստանը իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի բոլոր առաջարկները»


Հայաստանը իրականացրել է բոլոր պայմանավորվածությունները եւ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 1609 եւ 1620 բանաձեւերում արված բոլոր առաջարկները: Այդ մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք արվո՞ւմ են պատշաճ քայլեր, որպեսզի Հայաստանը չզրկվի ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից: Խնդիրը, ըստ նրա, կապված է «7-ի գործով» դատավարության հետ, «քանի որ առաջարկվում էր, որպեսզի համաներում իրականացվի հանրապետության նախագահի կողմից եւ այլն»:

«Բայց նախագահը բազմաթիվ առիթներով ասել է, որ դա, իհարկե, չի բացառում, բայց դատական պրոցեսը սկսվի, դատական պրոցեսը ավարտվի, այնուհետեւ այդ հարցը մենք կքննարկենք», - ասաց Հովիկ Աբրահամյանը` հավելելով. - «Իսկ ներման մասով արդեն երեք դիմումների արձագանքել է հանրապետության նախագահը, երեք քաղաքացու ներում է շնորհել»:

Ազգային ժողովի խոսնակը վստահեցրեց, որ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի ԵԽԽՎ-ն չընդունի հայաստանյան պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու` Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկը. - «Մենք բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները եւ շատ ենք կարեւորում մեր հարաբերությունները Եվրախորհրդի եւ ընդհանրապես եվրոպական կառույցների հետ: Եվ մենք, մեր պատասխանատուները, մեր պատվիրակության ղեկավարը, պատվիրակությունը, հրավիրել են նաեւ [հունվարի]14-15-ին [Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող] պարոն Պրեսկոտին` այցելել Հայաստանի Հանրապետություն, եւս մեկ անգամ կքննարկեն այն առաջադրանքները, որ ձեւակերպվել են հանձնաժողովի կողմից: Եվ, իմ կարծիքով, իշխանությունները ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ձայնից Հայաստանի Հանրապետությանը չզրկեն»:

Այն դիտարկմանը, որ «7-ի գործով» դատավարությունը կարող է տեւել առնվազն մեկ տարի, Հովիկ Աբրահամյանը արձագանքեց. - «Այո, ես` որպես իշխանության ներկայացուցիչ, կհորդորեմ, որ արմատական ընդդիմությունը թույլ տա` դատավարությունը ընթանա: Դա [դատավարության ձգձգումը], իհարկե, իրենց [ընդդիմության] շահերից է բխում, բայց ոչ բանտարկյալների, ոչ մեղադրյալների: Դատական պրոցեսում շատ բան կճշտվի եւ շատ բան կարող է փոխվել: Ուղղակի ես հորդորում եմ, որպեսզի թույլ տան դատական պրոցեսը ընթանա, եւ դա շատ կարեւոր կլինի, իմ կարծիքով, հենց մեղադրյալների ապագայի համար»:

«Ընդհանրապես, նշանակություն չունի` մարդիկ դատված են, դատապարտված են, նստած են, դա ոչ մի բան չի փոխում` կոնկրետ իշխանությունների համար, վատ առումով: Եվ դրսում լինեին, իմ կարծիքով` ավելի ճիշտ կլիներ մեր համար, եւ մենք դա ցանկանում ենք, ուղղակի հիմա որ նախագահը փորձի միջամտել, վաղն էլ ձեւակերպելու են, որ հանրապետության նախագահը միջամտում է` դատական համակարգը ասում ենք անկախ է», - հայտարարեց Հովիկ Աբրահամյանը` վերստին ընդգծելով. - «Ճիշտ կլինի, որ թույլ տրվի արմատական ընդդիմության կողմից` դատական պրոցեսը գնա, եւ կտեսնեք, որ շատ բան կփոխվի դրական առումով»:

Ապա Ազգային ժողովի նախագահը մանրամասնեց. - «Իմ գործընկերները քվեարկել են, թույլ են տվել` մարդկանց [խորհրդարանի երեք պատգամավորներին] զրկել են անձեռնմխելիությունից: Բա վաղը այս մարդիկ ի՞նչ պիտի պատասխան տան: Գլխավոր դատախազը մեղադրանք է ներկայացրել խորհրդարանին, հիմնավորել է հանցագործություններ, պառլամենտը քվեարկել է: Բա հիմա այդ հարցերի պատասխանը ո՞վ է տալու. եթե անմեղ էին, ինչո՞ւ էին ներկայացրել, ուրեմն` հիմնավորումները թերի են եղել կամ տեղին չեն եղել: Գլխավոր դատախազը, իրավապահ մարմինները պնդում են, որ իրենք ճիշտ են: Դրա համար, որոշողը դատարանն է. որոշի` եթե ճիշտ չեն, բաց կթողնեն մարդկանց, եթե մեղավոր չեն, բաց կթողնեն»:

Նա համոզմունք հայտնեց, որ եթե դատավարությունը սեպտեմբերից սկսված լիներ, «հիմա մարդկանց մեծ մասը դրսում կլիներ»:

Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման թեմային` մասնավորապես, կանխատեսումներին, որ 2009 թվականը վճռական է լինելու հակամարտության կարգավորման համար, Հովիկ Աբրահամյանը ասաց. - «Ես համոզված չեմ, որ ինչ-որ ժամանակ կա արձանագրված, որ այդ հակամարտությունը պիտի կարգավորվի: Բազմաթիվ անգամ իշխանությունները, նախագահը, մենք մեր դիրքորոշումները արտահայտել ենք: Մենք այդպիսի ճնշում չունենք, որ պիտի 2009 թվականին այդ հարցը լուծվի` միգուցե 2010-ին է լուծվում: Դա պիտի լուծվի Մինսկի խմբի շրջանակներում, պիտի անպայման Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգվի, ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության հետ, եւ երրորդը` Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը պետք է ապահովված լինի: Իմ կարծիքով, դրանք շատ կարեւոր բաղադրիչներ են, որ չի քննարկվում. դա աքսիոմ է»:

Իր կարողությանը վերաբերող հարցին Ազգային ժողովի նախագահը արձագանքեց. - «Այն բիզնեսը, որ հիմա ունեմ, ընդհանրապես կապ չունի իմ քաղաքական պաշտոնի հետ` դա ունեցել եմ 90-ական թվականներից սկսած, ես կոնյակի գործարան եմ ունեցել. այդ կոնյակի գործարանում աշխատել եմ 4 տարի տնօրեն, եւ երբ Հայաստանում սկսվեց սեփականաշնորհումը, սեփականաշնորհել եմ, եւ այդ կոնյակի գործարանը այսօր իմ բիզնեսն է: Ես ունեմ նաեւ մասնավոր գյուղատնտեսական հողեր` մոտ 200 հեկտար, որ վերցրել ենք դեռ 90-ական թվականներից եւ այնտեղ խաղողի այգիներ ենք տնկել, որը վերամշակման համար խաղող, գինենյութ է տրամադրում մեր գործարանին»:

«Ես ընդհանրապես չեմ թացքրել, որ բիզնես ունեմ, ընդհանրապես ստուգումներից չեմ վախեցել, որովհետեւ այնքան մեծ շրջանառություն չունենք` տարեկան արտահանում ենք մոտ 300 հազար շիշ կոնյակ, արտահանումը հարկերից ազատված է: Ես իմ ունեցվածքը միշտ համապատասխան կառույցներում ներկայացրել եմ», - վստահեցրեց Հովիկ Աբրահամյանը:


Աննա Իսրայելյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG