Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հրապարակ»-ը, անդրադառնալով պաշտոնյաների տարեվերջյան ամփոփիչ ասուլիսներին, գրում է. - «Այդ ասուլիսներն էլ ավելի շուտ ուղղված են երկրի ղեկավարությանը, քան հանրությանը: Փաստորեն` իրենց վերադասին ասում են` աշխատում ենք, տեսեք ինչպիսի հաջողությունների ենք հասել: Հաջողությունները` հաջողություններ, բայց անհասկանալի է, թե եթե բոլորն այդքան լավ են աշխատում, ինչո՞ւ է երկիրն այսքան վատ վիճակում: Ո՞վ է պատասխանատու այս վիճակի համար, եթե առանձին-առանձին վերցրած բոլոր ոլորտներում վիճակն «օ քեյ» է: Մենք, անշուշտ, դեմ չենք այդ բոլորի մեղքը բացառապես նախագահի ինստիտուտի վրա դնելուն, մանավանդ` հայտնի է, որ ձուկը գլխից է հոտում, բայց ի՞նչ են մտածում այդ մասին տարբեր նախարարներն ու պաշտոնյաները, որոնք իրարից միկրոֆոն ու ամբիոն խլելով` պատմում են իրենց աննախադեպ հաջողությունների մասին»:

«Իրավունք» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով թղթակցի հարցին, թե Հելսինկիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից եւ հռչակագրի ընդունումից հետո իրավիճակի փոփոխությունը ի նպա՞ստ, թե՞ ի վնաս ղարաբաղցիների փոխվեց, Բակո Սահակյանը ասել է. - «Արցախի ներքին իրավիճակի վրա Հելսինկիի հռչակագիրը որեւէ ձեւով չի ազդել: Ինչ վերաբերում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա, կարծում եմ, դեռեւս վաղաժամ է ինչ-որ կանխատեսումներ անել Հելսինկիի հռչակագրի հնարավոր ազդեցության կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, խոսելով այս կամ այն փաստաթղթի կամ իրադարձության ազդեցության մասին` ավելի ճիշտ կլինի դիտարկել դրանց ազդեցությունը ժամանակի տեսանկյունից, այսինքն դա կմոտեցնի՞ կարգավորումը, թե՞ հակառակը: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բավականին բարդ գործընթաց է, եւ այստեղ որեւէ ժամկետի սահմանումը տեղին չէ»:

Տարին անցավ ու նորն է գալու կանխատեսում է «Երկիր» թերթը` ամփոփելով անցնող 2008 թվականը: - «Անցնող` 2008 թվականն այդ իմաստով երկու հիմնական իրադարձություն գրանցեց: Առաջինը, անշուշտ, մեր երկրում նախագահական հերթական ընտրություններն էին, եւ հերթական անգամ հասարակությունը դժգոհ մնաց ընտրությունների անցկացման ընթացքից, ու հերթական անգամ նրա մի մասը հարկ համարեց դուրս գալ հրապարակներ ու փողոցներ` իր անհամաձայնությունն արտահայտելու ընտրությունների արդյունքների հետ, այնուհանդերձ տասնյակի չափ զոհերի փաստը թույլ չի տալիս տարին կոչել սովորական: Ողբերգական իրադարձությունները ցնցեցին բոլորին` իշխանավոր ու գյուղացի, մտավորական ու գործարար: Եվ միայն մի քանիսը մնացին անվրդով ու այնքան անտարբեր: Իսկ 2009-ը նույնպես նոր նշանակալի իրադարձությունների ժամանակ է լինելու: Բայց ցանկանանք ու մաղթենք մեր ժողովրդին, որ ձեռքբերումներն ավելի շատ լինեն, քան` կորուստները, ոգեւորությունն ավելի մեծ լինի, քան հիասթափությունը»:

«Ժամանակ Երեւանը» տեղեկացնում է, որ արդեն մեկնարկել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մի քանի միջադեպերի վերաբերյալ ծառայողական քննությունը: Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը թերթին տված հարցազրույցում ասել է. - «Ես ամեն ինչ անում եմ, որ մեղավորները խստագույնս պատժվեն, քանի որ դա շատ տգեղ երեւույթ է ու ցավոք` նոր չէ: Ցավալի է նաեւ, որ նման ինստիտուտները հաճախ փորձում են դրանք հնարավորինս կոծկել»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Ինչպես մարտի 1-ի հեղաշրջումն էր նեոբոլշեւիկյան վերնախավը ծրագրել` նախապատրաստական եւ կազմակերպական հստակ գործողությունների պլան մշակելով, այնպես էլ հիմա նույն այդ վերնախավը մշակել է «Յոթի գործով» դատավարության ընթացքը: Ըստ այդմ, դատական նիստերը բնավ էլ անտրամաբանական զարգացումներ չեն ունենում: Դրանց տրամաբանությունը ելնում է գործով ամբաստանյալ յոթնյակի շահերից (բնականաբար նաեւ նրանց պաշտպանների շահերից, քանի որ յուրաքանչյուրն իր դերը կատարելու համար բարձր վճար է ստանում): Ի դեպ, ինչպես մարտիմեկյան հեղաշրջման ընթացքում, «Յոթի գործով» դատավարության նախորդ երկու նիստերից էլ պարզորոշ է դառնում, որ դարձյալ գոյություն ունի հստակ դերաբաշխում ամբաստանյալների միջեւ»:

«Չորրորդ իշխանություն» թերթի խորհրդարանական աղբյուրների տեղեկացմամբ, մարտի 1-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը որոշել է հունվար ամսվա ընթացքում հանձնաժողով հրավիրել նախկին ոստիկանապետ, պետական պահպանության վարչության պետ Հայկ Հարությունյանին: Ըստ թերթի, հանձնաժողովականները իրենց քննարկումներում եկել են այն եզրակացության, որ Հայկ Հարությունյանին «հարցաքննելուց» հետո միայն կպարզվի, թե ով է եղել մարտի 1-ի դեպքերի գլխավոր հրամանատարը:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG