Մատչելիության հղումներ

Քրեակատարողական հիմնարկներում ծառայողական քննություն կանցկացվի


Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից ստացված հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը Արդարադատության նախարարին եւ նախագահի իրավական հարցերով օգնականին հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել` հանրապետության քրեակատարողական հիմնարկներում բռնության կիրառման վերաբերյալ վերջին շրջանում տեղ գտած ահազանգերի առնչությամբ:

Երեկ երեկոյան, այսպես կոչված` «7-ի գործով» պաշտպանները հայտարարեցին, որ քրեակատարողական հիմնարկում բռնության է ենթարկվել Գրիգոր Ոսկերչյանը:

Այսօր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց հետընտրական իրադարձությունների առնչությամբ երկու կալանավորվածների` Գեւորգ Մանուկայնի եւ Արմեն Խուրշուդյանի անունները, որոնք եւս ենթարկվել են բռնության:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված հաղորդագրության համաձայն` Արմեն Հարությունյանի հանձնարարությամբ աշխատակազմի աշխատակիցներն այցելել են Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նախնական կալանքի տակ գտնվող Գրիգոր Ոսկերչյանին եւ Գեւորգ Մանուկյանին:

Ոսկերչյանը պատմել է, թե երեկ ժամը 10:00-ի սահմաններում կալանախուց են մտել հարկի հերթապահ Թաթուլ Հակոբյանը եւ իրեն անծանոթ այլ անձինք` կալանախցում խուզարկություն կատարելու համար: Ոսկերչյանին` որպես տարիքով ավագի, թողել են խցում, իսկ մյուս կալանավորներին դուրս են հանել: Խուզարկություն կատարողներից մեկը, տեղեկանալով, թե Ոսկերչյանը քրեական օրենսգրքի որ հոդվածով է մեղադրվում` ուժգին ապտակել է վերջինիս, ապա հարվածել է աջ ոտքին:

Մյուս կալանավոր Գեւորգ Մանուկյանը հրաժարվել է իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ որեւէ հայտարարություն անել, քանի դեռ չի խորհրդակցել փաստաբանի հետ:

Միջադեպի առիթով Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղարի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում խուզարկության ընթացքում դատապարտյալների կողմից հարձակում է կատարվել, որի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել քրեակատարողական վարչության արագ արձագանքման բաժնի պետը: Հարձակումը կանխելու եւ դատապարտյալներին հետ մղելու նպատակով, օրենքի շրջանակներում քրեակատարողական ծառայողների կողմից գործադրվել է ուժ եւ հատուկ միջոցներ: Ըստ հաղորդագրության, Գրիգոր Ոսկերչյանը որեւէ առնչություն չի ունեցել հիմնարկում օրենսդրությամբ սահմանված կարգով ուժի գործադրման հետ:

Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն այսօր տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը տեղափոխվել է այլ խուց, որտեղ, ըստ նրա` պայմաններն անհամեմատ վատ են:

Գրիգոր Ոսկերչյանի պաշտպանը նաեւ հայտնեց. - «Բռնությունների վերաբերյալ հենց երեկ իմ կողմից հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն` կատարված հանցագործությունների մասին եւ միջնորդություն ենք ներկայացրել մեղավոր անձանց նկատմամբ քրեական օրենսգրքով նախատեսված համապատասխան հոդվածներով քրեական գործ հարուցելու մասին»:


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG