Մատչելիության հղումներ

Քննարկվում է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքը


2004 թվականից մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 5-ը, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի կիրառման արդյունքում` 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ը բանակից խուսափած քաղաքացիներից գանձվել է 2 միլիարդ 703 միլիոն 156 հազար դրամ: Այսօր տեղի ունեցած խորհրդարանական լսումների ընթացքում այս մասին տեղեկացրեց Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցան «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին Հայաստանի օրենքի կիրարկումը եւ արդյունավետությունը» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնց մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, Հայաստանի պաշտպանության նախարարության, գլխավոր դատախազության, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցները պնդում էին, որ պետք է երկարացնել օրենքի կիրարկման ժամկետը:

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի օրենքը գործում է 2004 թվականից եւ վերաբերում է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչեւ 2007 թվականի ձմեռային զորակոչը պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին: Ըստ օրենքի` հիշյալ ժամանակահատվածում հայկական բանակում ծառայելուց խուսափած անձինք հնարավորություն ունեն սահմանված կարգով վճարել գումար` նվազագյույն աշխատավարձի մինչեւ 200-ապատիկի չափով, ինչից հետո դադարեցվում է նրանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը եւ այդ անձինք, ստանալով զինվորական գրքույկ, հաշվառվում են պահեստազորում:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի խոսքերով` 4 տարվա ընթացքում համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովին ավելի քան 4000 դիմում է ներկայացվել:

«Պաշտպանության նախարարության համապատասխան հաշվեհամարին 2008 թվականի դեկտեմբերի 5-ի դրությամբ մուծվել է 2 միլիարդ 703 միլիոն 156 հազար դրամ», - իր ելույթում նշեց Նազարյանը: Նշվեց, որ միայն վերջին 1,5 տարում մուտքագրվել է 1 միլիարդ դրամ:

Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը, անդրադառնալով այս խնդրին, մասնավորապես, ասաց. - «Եթե օրենքի կիրառման ժամկետը երկարացվելու է, ապա պետք է գումարի չափը մեծացվի, որպեսզի խրախուսման միջոց չդառնա այն խուսափողների համար, որոնք դեռ 3, 4, 5 տարի ունեն մինչեւ 27-ը լրանալը, եւ տեսնեն այդ աճող գործակիցները եւ շտապեն վերադառնան զինված ուժերում ծառայելու համար»:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG