Մատչելիության հղումներ

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Թեկուզ հազար տարի էլ չհասնենք իշխանության` իրավունք չունենք վտանգելու երկիրը»


Երկրի առջեւ ծառացած երեք մարտահրավերներից ելնելով կառուցեց իր մեկժամանոց ելույթը Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայ ազգային կոնգրեսի համաժողովում, որը տեղի ունեցավ կիրակի օրը կոնգրեսի Էրեբունու գրասենյակի դահլիճում: Այդ մարտահրավերներից առաջինը, ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորումն է, երկրորդը` միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, եւ երրորդը` սահմանադրական կարգի եւ ժողովրդավարական ազատությունների վերականգնման անհրաժեշտությունը:

Տեր-Պետրոսյանի գնահատմամբ` Հայաստանի իշխանությունները տանում են ծածուկ քարոզչական աշխատանք, որի նպատակն է Հայաստանի եւ Ղարաբաղի քաղաքական, տնտեսական վերնախավին ապացուցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը եւ համոզել, որ այլ ճանապարհ չկա. - «Դրա համար, մասնավորապես, կիրառվում է հետեւյալ փաստարկը. - «Եթե չգնանք այս լուծմանը, ապա Հայաստանում իշխանափոխություն տեղի կունենա, եւ դուք բոլորդ կկորցնեք թե’ ձեր զբաղեցրած պաշտոնները, թե’ ձեր տնտեսական կարողությունները եւ թե’ ձեր կուտակած հարստությունները»: Պրիմիտիվ մի խորհուրդ, որը, ես վստահ եմ, միանգամայն ընկալելի է այս ավազակապետական համակարգի մասնակիցների համար»:

Լեւոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց նաեւ իր ընդդիմախոսներին, որոնք պնդում են, թե անհրաժեշտ է վերսկսել զանգվածային միջոցառումները: Նա հայտարարեց, թե հարգում է տարակարծությունը, սակայն լինելով քաղաքական կազմակերպություն` պետք է հաշվի առնել, թե որքանով են իրականանալի առաջարկված ճանապարհները: Նրա խոսքով` անհրաժեշտ է հաշվի առնել, որ Հայաստանի իշխանական համակարգն ու տնտեսական համակարգը միահամուռ կերպով պաշտպանելու են Ղարաբաղի հարցում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած ցանկացած լուծում, քանի որ նրանց հետաքրքրում է սեփական շահը, այլ ոչ թե Ղարաբաղի ճակատագիրը: Ավելին, ըստ Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանը խնդիրներ չի ունենա կոալիցիային մաս կազմող կուսակցությունների, «նոմենկլատուրային մտավորականության» հետ:

«Դա նշանակում է, որ Համաժողովրդական շարժումը Ղարաբաղի խնդրի կապակցությամբ հասարակական բողոքի ալիք բարձրացնելու պարագայում բախվելու է միաձույլ մի հակառակորդի, որը որեւէ բանի առջեւ չի կանգնելու` այդ ալիքը վնասազերծելու համար», - հայտարարեց Հայաստանի առաջին նախագահը:

Տեր-Պետրոսյանի խոսքով` այսօր Արեւմուտքը ոչ միայն չի աջակցում Հայաստանում ձեւավորված հզոր ժողովրդական շարժմանը, այլեւ անում է ամեն ինչ` այդ շարժումը ոչնչացնելու համար` հանդուրժելով թե’ կեղծված ընտրությունները, թե’ մարտի 1-ի սպանդը, թե’ ընդդիմության դեմ սանձազերծված հալածանքներն ու բռնությունները եւ թե’ քաղբանտարկյալների գոյության փաստը. - «Դրանով Արեւմուտքը ցավալիորեն ցույց է տալիս, որ պատրաստ է աչք փակել Սերժ Սարգսյանի ցանկացած անօրինականության վրա, միայն թե նա զիջումների գնա ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում»:

Ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նույնիսկ եթե հնարավոր լիներ հզոր բողոքի ալիք բարձրացնել, ապա դա կարող էր վտանգել երկիրը, քանի որ այժմ Հայաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամի պայմաններում, եւ շարունակական էր լինելու այդ բողոքի ալիքը, դրանից կարող էր օգտվել Ադրբեջանը եւ փորձել ղարաբաղյան հարցը լուծել ռազմական ճանապարհով:

Առաջին նախագահը հայտարարեց, որ թեկուզ հազար տարի էլ չհասնեն իշխանության` իրենք իրավունք չունեն վտանգելու երկիրը:
Տեր-Պետրոսյանը արեց նաեւ մի քանի բացահայտումներ` կապված մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած դեպքերի հետ: Նա հայտարարեց, որ իրենք ճշտել են դիմակավորված այն ոստիկանների ինքնությունը, որոնք կրակել են ցուցարարների ուղղությամբ: Բացի այդ, նա հայտարարեց, որ ավտոմեքենաների հրկիզումը եւ խանութների թալանը կատարել են 950 հոգուց բաղկացած ավազակախմբեր, որոնց կազմակերպիչները եղել են 5 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ եւ 4 հայտնի գործարարներ: Բոլոր այդ տվյալները Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Փաստահավաք խմբին, ինչպես նաեւ տրամադրել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին եւ Հայաստանում հավատարմագրված մի քանի օտարերկրյա դեսպանների։

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին նախորդել էին Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանի, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի, Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ելույթները:

Առաջին երեք ելույթները հիմնականում վերաբերում էին Հայաստանի ֆինանսատնտեսական քաղաքականությանը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքներին ու դրանց դիմագրավելուն:

Վահագն Խաչատրյանը հայտարարեց, թե ճգնաժամը մեղմելու եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն են:

Հրանտ Բագրատյանը, իր հերթին, վստահություն հայտնեց, թե անկախ համաշխարհային տնտեսական ճգնաժամից` Հայաստանին այսպես թե այնպես սպառնում է ֆինանսական-տնտեսական ճգնաժամ: Ըստ նրա հաշվարկների, Հայաստանի տնտեսությանը չփլուզվելու համար անհրաժեշտ է մեկ միլիարդ դոլար` 2009 թվականի առաջին կիսամյակում, եւ եւս երկու միլիարդ դոլար` երկրորդ կիսամյակում: Բագրատյանի խոսքով` եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա երկիրը կսուզվի անարխիայի հորձանուտը:

Ժիրայր Սեֆիլյանը պնդեց, թե սխալ էր դադարեցնել հանրահավաքները ղարաբաղյան հարցի կարգավորման այս փուլում: Բացի այդ, նա սխալ համարեց, որ ընդդիմության ղեկավարությունը` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, առաջնային խնդիր է տեսնում հետընտրական իրադարձությունների առնչությամբ կալանավորվածների ազատ արձակումը. - «Կարեւորում եմ, այո, մեր ընկերները պետք է օր առաջ դուրս գան, դեմ չենք, սակայն քաղբանտարկյալ երեւույթի պրոբլեմը մերը չէ, իշխանության պրոբլեմն է: Մենք մեր գործունեությունը վճռականորեն պետք է շարունակենք, եւ ոչ թե 67 քաղբանտարկյալներ պիտի լինեն, այլ լինեն 1067: Այն օրը, որ պիտի լինի 1067 քաղբանտարկյալ մեր երկրում, այդ ժամանակ իշխանությունը տապալվելու են, եւ մեր բոլոր ընկերները անմիջապես դուրս են գալու»:

Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, թե նպատակահարմար է գտնում, որպեսզի փետրվարին կամ մարտին վերսկսվեն զանգվածային միջոցառումները: Ըստ նրա` ընդդիմությունը պետք է ցույց տա, որ ունակ է երկրում փոփոխություններ իրականացնել:

Համաժողովի մեկնարկից առաջ դուրս էին հրավիրվել Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրողն ու օպերատորը: Նրանց չթույլատրվեց լուսաբանել համաժողովի աշխատանքները: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը իրենց այդ քայլը մեկնաբանեց որպես խորհրդանշական ակցիա` պատժամիջոց ի պատասխան իշխանությունների կողմից իրենց դահլիճ չտրամադրելու:


Հովհաննես Շողիկյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG