Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ը ներկայացնում է «7-ի գործով» երեկվա դատավարությունը. - «Ինչպեսեւ սպասվում էր, դատարանի շենքի ներսն ու շրջակայքը լեփ-լեցուն էր հեղափոխական պարագլուխներով, հհշական բետեէռներով ու ագրեսիվ ակտիվիստներով։ Մարտի 1-ին մայրաքաղաքի կենտրոնի «ինքնաբուխ» ավերմանը մասնակից լեւոնական բազմությունը եկել էր «տեր կանգնելու իր դատին» եւ փողոցում իր յոթ «հերոսների» նկարները պարզած ճղավում էր` «Ազատություն», «Լեւոն նախագահ»։ Այս ֆոնոգրաման, ինչպես հայտնի է, լսել ենք թե՛ մարտի 8-ին, թե՛ ապրիլի 24-ին, թե՛ երեխաների պաշտպանության օրը... մի խոսքով հայոց տոնացույցում նշված բոլոր օրերին Լեւոնը նախագահ է։ Ինչպեսեւ «յոթի» դատի մեկնարկին։ Ակտիվիստները դրսից էին գրոհում դատարանի վրա, իսկ ներսում էլ յուրայինների բանակը, ամբաստանյալները եւ նրանց պաշտպաններն էին հարձակում նախաձեռնել՝ «չանա» ու «քյալլա» տալով ընդդեմ նախագահողի ու մեղադրողների։ Ասենք, որ դատարանի ներսում ու դրսում միտինգը շարունակվեց դատաքննության ողջ ընթացքում։ Ավելին՝ դատական նիստի ընդմիջումներից մեկի ժամանակ ակտիվիստները երթ կազմակերպեցին՝ հայտնի կարգախոսներով չափչփեցին մայրաքաղաքի կենտրոնական փողոցները»։

Իսկ «Չորրորդ իշխանություն»-ը վերլուծում է «քաղբանտարկյալ» երեւույթի հեռանկարները Հայաստանում. - «Քաղբանտարկյալների առկայությունը վաղուց արդեն ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական կարեւորագույն պրոբլեմն է, հետեւաբար` շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է մտածում այդ մասին Սերժ Սարգսյանը: Այստեղ Սերժ Սարգսյանի վրա հսկայական ճնշումներ կան, բայց` բոլորը նույն ուղղությամբ: Ի՞նչ է պահանջում արտաքին աշխարհը: Ազատ արձակել քաղբանտարկյալներին: Ի՞նչ է պահանջում ընդդիմությունը: Նույնը: Կոալիցիայի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներն էլ են գտնում, որ մինչեւ հունվար «մի բան պիտի անել», Վարդան Օսկանյանն էլ: Տեսականորեն այս անհեթեթ իրավիճակը կարող է երեք բացատրություն ունենալ: Առաջին. Սերժ Սարգսյանը բացարձակապես չի վերահսկում դատաիրավական համակարգը եւ ուզենա էլ` չի կարող ազդել «յոթի դատավարության» ընթացքի վրա: Երկրորդ. Սերժ Սարգսյանն, իհարկե, վախենում է Եվրախորհրդի դիրքորոշումից եւ միջազգային պատժամիջոցներից, բայց ժողովրդից ավելի շատ է վախենում: Եվ քանի որ գիտակցում է, որ քաղբանտարկյալներին ազատ արձակելը նոր լիցք կհաղորդի շարժմանը, գերադասում է «հարված ստանալ» ոչ թե ներսից, այլ դրսից: Երրորդ. Սերժ Սարգսյանին այս դատավարությունը պետք է, որովհետեւ դրա ընթացքում, անկասկած, լրջագույն բացահայտումներ են արվելու մարտի 1-ին ռեժիմի իրականացրած ոճրագործությունների մանրամասների վերաբերյալ, այդ ամենը հասարակական մեծ հնչեղություն է ստանալու, եւ, որ ամենակարեւորն է, ակնհայտ է դառնալու, որ կատարվածի հիմնական մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է»:

«Գոլոս Արմենիի»-ն հարց է բարձրացնում. - «Գիտե՞ք ինչու եվրոպական կառույցները պատժամիջոցներ չկիրառեցին, օրինակ, Վրաստանի նկատմամբ, որի գործողությունները Հարավային Օսիայում եւ Աբխազիայում շատ եվրոպական քաղաքական գործիչներ որակել են որպես ցեղասպանություն, կամ տարիներ առաջ Ֆրանսիայի դեմ, որտեղ դաժանորեն ճնշվեցին փողոցային բողոքի ցույցերը, կամ մեր օրերում` Հունաստանի դեմ...»: Թերթը պատասխանում է իր բարձրացրած հարցերին. - «Հենց այն պատճառով, որ, մասնավորապես, այս երկրի քաղաքացիները միջազգային կառույցներում իրենց պետությունների դեմ չեն աշխատում, հրապարակային հիստերիաներ չեն սարքում այն բանից, որ իրենց երկրների հանդեպ չեն կիրառում պատժամիջոցներ, մոնիտորինգային հանձնաժողովի ամեն անդամի չեն ուղարկում փաստաթղթերի ծավալուն փաթեթ այն մասին, թե ինչ վատ է ապրում ընդդիմությունը, միջազգային կառույցներում քայքայիչ գործունեության համար գործակալներ չեն ուղարկում»:

Նույն խնդրով «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկը ձմեռային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու մասին իսկապես անսպասելի էր: Ոչ թե այն պատճառով, որ նման առաջարկի համար բավարար հիմքեր չկան. հիմքերը կբավականացնեն այսօրինակ տասնյակ որոշումների համար: Ուղղակի հիմա Հայաստանում շատ քչերն են հավատում, որ ԵԽԽՎ-ն սկզբունքներ է պաշտպանում, եւ մեզանում այդ կառույցը սկսել են ընկալել որպես առեւտրական մի ընկերություն: Իսկ առեւտրի գործում Սերժը հավասարը չունի. նա ցույց է տվել, որ Կոլոմբիե-Պրեսկոտ զույգի սիրտը շահելու ձեւերը գիտի: բայց դեկտեմբերի 5-ին Սերժը Ռուսաստանի հետ խաղեր տվեց եւ Հելսինկիում քցեց Արեւմտյան իր սպոնսորներին` նրանց, ովքեր աչք էին փակել Հայաստանի քաղաքացիների բազմամյա խոշտանգումների վրա: Ու հիմա Սերժիկ-Էձիկ զույգի պահվածքը հասկանալի է. նրանք զարմացած են, թե ինչու այսքան տարի մանր ժուլիկությունները անցել են, հիմա չեն անցնում: Դրա պատճառներից մեկն այն է, որ հիմա Հայաստանում ուժեղ ընդդիմություն կա»: Միաժամանակ, «Հայկական ժամանակ»-ը եզրակացնում է. - «Բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Սերժ Սարգսյանը «ինքնաբուխ» ազատ կարձակի քաղբանտարկյալներին, չարաչար սխալվում են: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու սպառնալիքը նույնպես Սերժ Սարգսյանին չի ստիպի նման քայլ անել: Քաղբանտարկյալներին ազատ արձակելու գործը Համաժողովրդական շարժման գործն է: Այնպես որ, թողնենք իշխանություններին ու եվրոպացիներին եւ հույսներս դնենք մեզ վրա, միայն մեզ վրա»:

«Առավոտ»-ի խմբագրականը անդրադառնում է նույն հարցին. - «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի որոշումը չափազանցված ռեակցիաներ է առաջացրել Հայաստանի ընդդիմադիր եւ իշխանամետ ճամբարներում. համապատասխանաբար` անհիմն հրճվանք եւ խորը դեպրեսիա: Ընդդիմության մոտեցումը միանգամայն հասկանալի է. հիշյալ որոշումը լավ առիթ է` քարոզելու համար, թե վերջապես համաշխարհային հանրությունը խորապես ըմբռնել է Հայաստանի իշխանությունների հակաժողովրդավարական բնույթը: Բայց ավելի ուշագրավ են այն փաստարկները, որոնցով իշխանությունն է ինքն իրեն սփոփում: Դրանք հիմնականում երկուսն են. ա/ եվրոպացիներն առաջնորդվում են կրկնակի ստանդարտներով, քանի որ ոչ Վրաստանում, ոչ Թուրքիայում, ոչ էլ, առավել եւս` Ադրբեջանում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վիճակը մեզնից լավը չէ, սակայն այդ երկրներին Եվրոպայի խորհուրդը ձայնազրկությամբ չի սպառնում, բ/ միջազգային կառույցները Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում ճնշում են գործադրում` օգտագործելով մեր ներքին խնդիրները»:


Աղասի Ենոքյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG