Մատչելիության հղումներ

Ռուս-վրացական բանակցություններում որոշակի առաջխաղացում է գրանցվել


ԵԱՀԿ-ի մամլո ծառայության փոխանցմամբ` Ժնեւում ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ Եվրամիության հովանավորությամբ տեղի ունեցած ռուս-վրացական բանակցությունների երրորդ փուլում համաձայնության եզրեր են ուրվագծվել:

«Քննարկումներն անցել են դրական մթնոլորտում, մասնակիցները համաձայնել են կենտրոնանալ գործնական եւ տեխնիկական խնդիրների վրա` նպատակ ունենալով առաջխաղացում ապահովել մարդկանց համար կարեւոր նշանակություն ունեցող կոնկրետ բնագավառներում», - ասել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Հեյկի Տալվիտիեն:

Դեկտեմբերի 17-18-ը անցկացված հանդիպումների ժամանակ աշխատել են երկու խմբեր, որոնցից առաջինը քննարկել է տարածաշրջանի անվտանգության եւ կայունության հարցերը, իսկ երկրորդի օրակարգում տեղահանվածների եւ փախստականների հարցն է եղել: Վերջինի վերաբերյալ կոնկրետ համաձայնություն չի կայացել, սակայն բանակցող կողմերն ընդունել են, որ հարկ է հաշվի առնել վրա հասնող ցուրտ եղանակի վտանգը եւ անհապաղ քայլեր ձեռնարկել տեղահանվածներին եւ փախստականներին օգնություն ցույց տալու համար: Ենթադրվում է, որ օգոստոսյան կարճատեւ պատերազմի հետեւանքով տները ստիպված լքել է շուրջ 100 հազար մարդ:

Վրաստանն ու Ռուսաստանը նաեւ համաձայնել են փոխադարձաբար երաշխավորել ջրի եւ գազի մատակարարման համակարգերի անխափան աշխատանքը:

Ռուս-վրացական բանակցությունների նախորդ երկու փուլերը գործնականում ձախողվել էին:

Հեյկի Տալվիտիեն ասել է, որ կողմերը եւ միջնորդները համաձայնել են Վրաստանի հարցով ժնեւյան հաջորդ՝ չորրորդ հանդիպումը անցկացնել 2009 թվականի փետրվարի 17-18-ը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG