Մատչելիության հղումներ

«1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների կատարման ուղղությամբ սահմանափակ առաջընթաց է արձանագրվել»


«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ Հայաստանի իշխանությունների կողմից սահմանափակ առաջընթաց է արձանագրվել ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերում առաջադրված պահանջների, մասնավորապես, մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ կալանավորված անձանց ազատ արձակելու ուղղությամբ», - ասված է երեկ ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանն արժանացած բանաձեւի նախագծում:

Նախագիծը, որը ԵԽԽՎ-ին է ներկայացվելու հունվարյան նստաշրջանում, ընդգծում է, որ հակառակ Վեհաժողովի պահանջներին` դատաքննությունների եւ դատավճիռների զգալի մասը հիմնված է եղել միմիայն ոստիկանության ցուցմունքների վրա` առանց էական հավելյալ ապացույցների, բացի այդ, Քրեական օրենսգրքի 225` «զանգվածային անկարգություններ», եւ 300` «պետական իշխանությունը յուրացնելը», հոդվածներով հարուցված գործերից քչերն են կարճվել:

Փաստելով, որ կասկածներ են հնչել, այդ թվում` Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի կողմից, Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածներով առաջադրված մեղադրանքների բնույթի, ինչպես նաեւ մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ դատապարտված անձանց դեմ իրականացված իրավական գործընթացների վերաբերյալ, փաստաթուղթն արձանագրում է. - «Lուրջ հիմքեր կան համարելու, որ զգալի թվով անձանց առաջադրված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն: Սրանից բխում է, որ այս մեղադրանքներով դատապարտված անձինք կարող են դիտարկվել որպես քաղաքական բանտարկյալներ»:

Միաժամանակ, ըստ ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքէջում տեղադրված բանաձեւի նախագծի, Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ իշխանությունները մինչ օրս չեն օգտվել իրենց հասու իրավական միջոցները օգտագործելու հնարավորությունից, ինչպիսին է համաներումը, ներումը կամ գործերի կարճումը այն անձանց նկատմամբ, ովքեր ազատազրկվել են մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ, սակայն անձնապես բռնի հանցագործություն չեն կատարել կամ դրանց չեն նպաստել. Վեհաժողովը հորդորում է Հայաստանի իշխանություններին առաջիկայում դիտարկել այդ քայլին դիմելու հնարավորությունը:

Անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերի անկախ, անկողմնակալ ու վստահելի քննություն անցկացնելու պահանջին` Վեհաժողովը, ըստ նախագծի, ողջունում է ինչպես Փաստահավաք խումբ ստեղծելու` նախագահի կարգադրությունը, այնպես էլ այդ խմբի աշխատանքներին մասնակցելու` ընդդիմության որոշումը, եւ կոչ է անում քաղաքական ուժերին զերծ մնալ այս խմբի աշխատանքը քաղաքականացնելու կամ դրան միջամտելու փորձերից: Միեւնույն ժամանակ, Փաստահավաք խմբի հանդեպ հասարակության վստահությունը երաշխավորելու համար Վեհաժողովը, ըստ նախագծի, կոչ է անում իշխանություններին «ապահովել հնարավոր լիակատար համագործակցություն եւ բոլոր պետական մարմիններից եւ պաշտոնյաներից ազատ տեղեկատվություն ստանալու հնարավորություն` առանց բացառությունների, այդ թվում նաեւ այն պաշտոնյաներից, ովքեր մարտի 1-2-ի իրադարձություններից հետո պաշտոնաթող են եղել: Փաստահավաք խմբին պետք է իրավունք տրվի ստանալ մարտի 1-2-ի գործով ձերբակալված, հետապնդված կամ դատապարտված անձանց առնչվող ցանկացած պարզաբանում, որն անհրաժեշտ է»:

Զեկույցի նախագծում Վեհաժողովը նաեւ իր գոհունակությունն է արտահայտում մի շարք ոլորտներում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես` լրատվամիջոցների, ընտրական օրենսդրության եւ արդարադատության:

Անդրադառնալով հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում կատարված փոփոխությանը, համաձայն որի` մինչեւ 2010 թվականը հաճախականությունների մրցույթներ չեն անցկացվելու` ոլորտը թվայնացնելու պատճառով, նախագիծը փաստում է. - «Առանց թերագնահատելու այդ որոշման առավելությունները, Վեհաժողովն ընդգծում է` թվային հեռարձակման համար անհրաժեշտ տեխնիկական պահանջների կատարումը չպետք է օգտագործվի իշխանությունների կողմից` հեռարձակման արտոնագրերի տրամադրման բաց, արդար եւ թափանցիկ մրցույթը անհարկի ձգձգելու համար»:

Նախագծի ամփոփիչ մասում հեղինակները փաստում են. - «Չնայած որոշ ոլորտներում արձանագրված դրական զարգացումներին` Վեհաժողովը անընդունելի է համարում, որ մարդիկ դատապարտվում եւ ազատազրկվում են քաղաքական դրդապատճառներով, եւ որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ»:

Չնայած անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն անցկացնելու ուղղությամբ կատարված դրական քայլերին` հեղինակները առաջարկում են Վեհաժողովին կասեցնել Հայաստանի պատվիրակության քվեարկության իրավունքը, «մինչեւ Հայաստանի իշխանությունները պարզորոշ ի ցույց կդնեն իրենց քաղաքական կամքը` մարտի 1-2-ի առնչությամբ ազատությունից զրկված անձանց խնդիրը 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջներին համապատասխան լուծելու ուղղությամբ»:

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը տվյալ հարցով որոշում է կայացնելու հունվարի 29-ին:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG