Մատչելիության հղումներ

Մոնիտորինգի հանձնաժողովը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը կասեցնելու մասին առաջարկություն է ընդունել


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի նիստում այսօր առաջարկություն է ընդունվել` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձայնի իրավունքը կասեցնելու վերաբերյալ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:

Համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն հանձնաժողովի նիստում ներկայացրել են Հայաստանի կողմից ԵԽԽՎ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի նախագիծը:

Դավիթ Հարությունյանը նշեց, որ «զեկույցը բավական բացասական երանգներ ուներ» քրեական հետապնդումներին վերաբերող կետերի առումով, հավելելով, որ դրական են գնահատվել զանգվածային լրատվության, ընտրական բարեփոխումների, Փաստահավաք խմբի ստեղծման հետ կապված Հայաստանի քայլերը:

«Հարցադրում արվեց քաղբանտարկյալների վերաբերյալ, որ Հայաստանում, հնարավոր է, առկա են քաղբանտարկյալներ: Սկզբունքորեն` հարցը լրացուցիչ վերլուծության կարիք է զգալու, եւ քանի որ սա մոնիտորինգի հանձնաժողովի վերջին նիստն էր հունվարյան նստաշրջանից առաջ, առաջարկությունը արվեց, սակայն համազեկուցողները այցելելու են Հայաստան հունվար ամսին, որպեսզի համապատասխան շտկումներ անեն այս որոշման մեջ», - ասաց ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը:

Մոնիտորինգի խմբի կողմից ընդունված առաջարկությունը կոնկրետացնելով, Դավիթ Հարությունյանը մանրամասնեց. - «Ընդհանուր առմամբ, առաջարկվում է կասեցնել հայկական պատվիրակության քվեարկության ձայնի իրավունքը»:

Հայաստանի արտգործնախարարության ինտերնետային կայքում այսօր տեղադրված հաղորդագրությունում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նույնպես մեկնաբանել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված` Հայաստանի համար «ոչ բարենպաստ» առաջարկությունները:

«Կարծում եմ, որ հունվար ամսին, միգուցե, կլինեն այնպիսի զարգացումներ, որոնք հնարավորություն կտան այդ առաջարկը վերանայել եւ հաստատել, որ Հայաստանը իրականացրել է 1609 եւ 1620 բանաձեւերի առաջարկությունների մեծ մասը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG