Մատչելիության հղումներ

Չորս ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


Մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի որոշմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը հետընտրական զարգացումների առնչությամբ մեղադրվող չորս ընդդիմադիր գործիչների նկատմամբ:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանը եւ 2008 թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի` Կոտայքի մարզի պատասխանատու Գուրգեն Եղիազարյանը մեղադրվում էին սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւանում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու մեջ:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցին, Վահագն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը:

«Չորս անձի նկատմամբ դադարեցվել է [հետապնդումը]` ապացույցների անբավարարության հիմքով: Որոշումները կայացրել եմ տարբեր օրեր` դեկտեմբերի 12-ին եւ 13-ին», - ասաց մարտի 1-2-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Մեղադրյալներին ու նրանց շահերի պաշտպաններին որոշման մասին իրազեկել են այսօր առավոտյան:

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը ներկայացրեց նաեւ մարտի 1-ի գործով նախաքննության մարմնի կատարած աշխատանքները: Ներկայացված տվյալների համաձայն մարտի 1-ի գործով հարցաքննվել է ավելի քան 2500 քաղաքացի, 500-ից ավելի ոստիկանության աշխատակից, 250 տուժող, անցկացվել են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց մի մասի եզրակացությունները դեռեւս չեն ստացվել:

«Քրեական գործով նախաքննությունը դեռեւս շարունակվում է եւ կա անելիք` մեծածավալ քննություն կատարելու, ոստիկանության աշխատակիցների կողմից ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ զանգվածային անկարգությունները կանխելու, հասարակական կարգը վերականգնելու ընթացքում ձեռնարկված միջոցառումների օրինաչափության, իրավաչափության գնահատական տալու»:


Կարինե Քալանթարյան

(ՖՈՏՈԼՈՒՐ-ի լուսանկարում աջից` Վահագն Հարությունյան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG