Մատչելիության հղումներ

Էթնիկ համայնքների երիտասարդները ներկայացրեցին իրենց ֆիլմերը


«Պատկերացրու քո ապագան» ծրագիրը մաս է կազմում Բրիտանական խորհրդի «Ապրենք միասին» ծրագրի, որն իրականացվում է Հարավարեւելյան Եվրոպայի մի շարք երկրներում:

Հայաստանում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում կազմակերպվել են դասընթացներ, որոնց մասնակցած 17 համայնքների ներկայացուցիչները սովորել են հոլովակների պատրաստման սկզբունքը:

Բրիտանական խորհրդի ծրագրերի համակարգող Լիլիթ Քալանթարյանի փոխանցմամբ` ծրագրի պայմաններից մեկն այն էր, որ ֆիլմերը պետք է ստեղծվեին հենց երիտասարդների ձեռքով` ոչ պրոֆեսիոնալների: «Նախաձեռնության նպատակը էթնիկ համայնքների երիտասարդ ներկայացուցիչներին ազատ արտահայտվելու, իրենց եւ համայնքի խնդիրները ներկայացնելու հնարավորություն տալն էր», - ասաց նա:

Հունական համայնքի երիտասարդական թեւի ղեկավար Ցիալա Կաբանովան նշեց, որ իրենք սերտ կապեր ունեն բոլոր համայնքների երիտասարդների հետ, նույնիսկ համախմբվել են մի ծրագրի շուրջ, որն անվանել են «Էթնիկ կամուրջ»: Իր ներկայացրած փոքրիկ ֆիլմն էլ հենց այդ նախաձեռնության մասին է` կազմակերպված միջոցառումների, տարբեր ծրագրերի, ինչպես նաեւ խնդիրների: Այսօր համայնքում ընդգրկված է15 երիտասարդ:

Ռուսլան Հաջիեւը ներկայացնում է քրդական համայնքի երիտասարդական թեւը: Պատմելով իր ֆիլմի մասին` առաջին հերթին նշեց, որ այն ներկայացնում է դաժան իրականությունը, որը հուզում է իրենց համայնքի նույնիսկ ամենակրտսեր ներկայացուցիչներին:

«Մեր տանը կախված են ՄԱԿ-ի անդամ երկրների դրոշները, մի անգամ երեխաս հարցրեց, թե ինչու չկա մեր` քրդերիս դրոշը, եւ ես ուղղակի չկարողացա պատասխանել: Մի քանի րոպե անց նա վերցրեց թուղթն ու մատիտները եւ սկսեց նկարել մեր դրոշը», - ասաց Հաջիեւը:

Ավագյան Անահիտի մայրը ազգությամբ հնդիկ է, իսկ հայրը` հայ:
Ֆիլմում նա պատկերել է իրենց ընտանիքի առօրյան, խնդիրները, այն, թե ինչպես են կարողանում միմյանց հետ ապրել այս երկու ազգերի, երկու տարբեր մշակույթների ներկայացուցիչները:

Լեհական համայնքի ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանը ասաց, որ ֆիլմը հենց իր եւ իր երազանքի մասին էր, սակայն նա ցանկացավ անդրադառնալ նաեւ համայնքի խնդիրներին, որոնցից մեկն այն է, որ այստեղ չունեն եկեղեցի, իսկ Լեհաստանում կա հայոց լեզվի պահպանման լուրջ խնդիր:

Կազմակերպիչները նշեցին, որ ծրագրի գաղափարը հանդուրժողականությունն է, եւ դրա վառ ապացույցն այն էր, որ տարբեր համայնքների ներկայացուցիչներ համատեղ տարբեր ծրագրեր են մշակել եւ ոմանք որոշել են Ամանորը միասին նշել:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG