Մատչելիության հղումներ

Դաշնակցական պատգամավորը չի բացառել նախագահի կողմից համաներում հայտարարելու հնարավորությունը


Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` չի բացառվում, որ նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի հետընտրական զարգացումների կապակցությամբ կալանավորված ընդդիմության ակտիվիստների համար:

Միջազգային տարբեր կառույցներն ու բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` Եվրախորհուրդն ու նույն կառույցի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը, տարբեր առիթներով բարձրացրել են մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ կալանավորված կամ դատապարտված անձանց ազատ արձակելու հարցը:

Դեկտեմբերի 3-ին ստորագրած հրամանագրով նախագահ Սերժ Սարգսյանը ներում էր շնորհել մարտի 1-ի գործով անցնող երեք դատապարտյալների: Ընդդիմությանը քննադատել էր նախագահի այդ քայլը, նշելով, որ Սահմանադրությամբ նախագահին վերապահված են ինչպես ներում, այնպես էլ` համաներում շնորհելու լիազորություններ:

Ներում շնորհվում է այն դատապարյալներին, ովքեր իրենց մեղքն ընդունել եւ իրենք են ներում խնդրել հանրապետության նախագահից: Համաներումը բացառապես նախագահի կամքի արտահայտությունն է: Ընդդիմությունը պնդում է, որ մարտյան իրադարձություններից հետո կալանավորված ակտիվիստները անմեղ են, հետեւաբար` նրանք չեն կարող ընդունել իրենց մեղքը, եւ նրանց նկատմամբ ներում շնորհելու քրեադատավարական ինստիտուտի կիրառումը ընդունելի չէ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեկնաբանելով երկու հասկացությունների տարբերությունը, իշխող կոալիցիայի մաս կազմող Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ասաց. - «Նախ` ներումը նույնպես մարդասիրության դրսեւորում է, բայց համընդհանուր մարդասիրության դրսեւորումը` դա համաներումն է, եւ ես չեմ բացառում, որ հանրապետության նախագահը այդ քայլին կդիմի: Իհարկե, շատ կարեւոր է, որ այդ քայլը լինի ավելի արագ եւ ավելի կշռադատված: Համաներման խնդիրը ավելի շատ պետք է կապենք երկրում ստեղծված բարոյական մթնոլորտը լիցքաթափելու հետ»:

Ածվիկ Մինասյանը նաեւ շեշտեց. - «Ցանկացած ժամանակ համաներման ակտի ընդունումը իրադարձություն է, որը չպետք է ստվերի նաեւ այն հնարավոր արդարադատության իրականացումը, որ երկրում պետք է տեղի ունենա»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG