Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար. «Չկա որեւէ պաշտոնական հայտարարություն, որում ժամկետներ են ճշտվում»


ԵԱՀԿ-ի արտգործնախարարների կամ Մինսկի խմբի համանախագահների որեւէ պաշտոնական հայտարարության մեջ ղարաբաղյան կարգավորման ժամկետներ չեն ճշտվում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարեց ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոն:

ԵԱՀԿ-ի արտգործնախարարների կոմիտեի` դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում կայացած նիստից հետո իրարամերժ գնահատականներ էին հնչել ղարաբաղյան հակամարտության լուծման հնարավոր ժամկետների մասին: Մասնավորապես, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերն ասել էր, թե կարգավորման համաձայնագիրը կարող է կնքվել մինչեւ 2009 թվականի գարուն, մինչդեռ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն օրերս հայտարարել էր, որ կողմերին առաջարկվել է վերջնականապես համաձայնեցնել վիճելի սկզբունքները մինչ գալիք տարվա կեսերը:

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի խնդրանքին` պարզություն մտցնել այս հարցում, Բրիշամբոն արձագանքեց. - «Չկա ԵԱՀԿ-ի արտգործնախարարների կամ Մինսկի խմբի համանախագահների որեւէ պաշտոնական հայտարարություն, որում ժամկետներ են ճշտվում: Ես համանախագահների անունից խոսելու լիազորություն չունեմ, բայց կարող եմ ասել, որ հելսինկյան նիստի արդյունքում պարզ դարձավ, որ կարելի է հակամարտության կարգավորման շուրջ ամենաբարձր մակարդակով անցկացվող հանդիպումների շարքը շարունակել»:

Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, վստահեցրեց, որ Մադրիդյան սկզբունքներում արված նոր լրացումների մասին ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:

«Այս ընթացքում տեխնիկական առաջարկներ են արվում այն տարբեր հարցերի, կետերի շուրջ, որոնք ներգրավված են Մադրիդյան փաստաթղթի մեջ: Որեւէ նոր բան, նոր լրացում գոյություն չունի», - հայտարարեց Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը նաեւ անհանգստություն հայտնեց Ադրբեջանի ռազմական բյուջեի շարունակական ավելացման առիթով:

«Վերջին շրջանում Ադրբեջանը բազմաթիվ անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն եւ շարունակում է այդ ուղղությամբ, եւ ցավոք, հենց ԵԱՀԿ շատ երկրներ համապատասխան գնահատական չեն տալիս այդ քաղաքականությանը», - ասաց Նալբանդյանը, նշելով, թե դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների:


Տիգրան Ավետիսյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG