Մատչելիության հղումներ

Նախկին հրամանատարի պնդմամբ, ապացույց չկա, որ ներքին զորքերի կողմից կիրառված հրազենից զոհվել են մարդիկ


Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ուրբաթ օրը կայացած դռնփակ նիստում Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, ով մարտի 1-ի երեկոյան համակարգել է ներքին զորքերի գործողությունները, մասնավորապես, Լեոյի փողոցի հատվածում, ասել է, թե գոյություն չունի որեւէ ապացույց, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ոստիկանության ներքին զորքերի գործադրած հրազենից մարդ է զոհվել:

«Իրենց սպառազինության տակ եղած հրազենից, որը ձգաբանական փորձաքննության է ենթարկվել, ապացույց չկա, որ ներքին զորքերի կողմից կիրառված հրազենից զոհվել են մարդիկ», - նիստից հետո Գրիգորյանի ասածը լրագրողներին փոխանցեց Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:


Գրիգոր Գրիգորյանը նաեւ ասել է, որ Պարոնյան եւ Լեոյի փողոցների խաչմերուկում ինքն է հանձնարարել դիպուկահարին վնասազերծել ոստիկանների ուղղությամբ կրակող ցուցարարին:

«Պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք երբ Լեոյի փողոցում կանգնած էին, եւ Պարոնյան եւ Լեո փողոցների խաչմերուկից կրակի արդյունքով վիրավորվեց [զինծառայող] Տիգրան Աբգարյանը [ով հետագայում մահացել է], դրանից հետո ինքը հանձնարարել է դիպուկահարին գրավել հարմար դիրք եւ փորձել վնասազերծել այն անձին, որը այդ խաչմերուկից կրակ էր արձակել, եւ որը պատրաստվում էր էլի կրակ արձակել: Դիպուկահարը կրակել է այդ ուղղությամբ եւ, ըստ տվյալների, նրան վիրավորել է ոտքից... Նա [ոտքից վիրավորված անձը] փախել է, եւ նրա ինքնությունը չեն կարողացել պարզել», - ասաց Սամվել Նիկոյանը:

Ըստ Գրիգորյանի, դիպուկահարը ընդգրված է եղել Ոստիկանության զորքերի համակարգում ձեւավորված հատուկ ջոկատի կազմում:

Հարցին, թե արդյո՞ք նախկին հրամանատարը վստահ է, որ վիրավորվել է միայն մեկ ցուցարար, Նիկոյանը պատասխանեց. - «Դիպուկահարը օգտագործել է մեկ կրակոց: Մեկ փամփուշտ է օգտագործվել»:

Սամվել Նիկոյանը նաեւ ասաց, որ դիպուկահարին վերաբերող բոլոր փաստաթղթերը վերադարձրել է Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Վահագն Հարությունյանին, քանի որ վերջինս դրանք ետ էր պահանջել:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են դրանք ետ պահանջվել, Վահագն Հարությունյանը այսօր պատասխանեց, որ դիպուկահարը զեկուցագիր է գրել իր վերադասին եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու համար: Ոստիկանությունը նույն միջնորդությամբ զեկուցագիրը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Եվ քանի որ դիպուկահարը մարտի 1-ի քրեական գործով վկա է, ինքը (Վահագն Հարությունյանը) որոշում է կայացրել կիրառել պաշտպանական միջոցներ, ինչպես նաեւ` քրեական գործի նյութերից դիպուկահարի տվյալները, նրան վերաբերող փաստաթղթերը առանձնացնել առանձին վարույթ:

Գրիգոր Գրիգորյանը այսօր խորհրդարանական հանձնաժողովի անդամներին, Սամվել Նիկոյանի փոխանցմամբ, տեղեկացրել է նաեւ, որ զանգվածային անկարգությունների մասնակիցները ներքին զորքերին դիմադրություն են ցույց տվել կազմակերպված ձեւով` ոստիկանության դեմ կիրառելով մարտական նռնակներ, հրազեն եւ «Զարյա» տիպի (ձայնալուսային մեծ ազդեցություն ունեցող) հատուկ միջոցներ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG