Մատչելիության հղումներ

«7-ի գործով» դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 19-ին


Մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առիթով Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստների նկատմամբ հարուցված դատական գործի դատաքննությունը նշանակվել է դեկտեմբերի 19-ին, Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում:

Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության համաձայն, Երեւանի քրեական դատարանը երեկ որոշել է լսել Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի եւ Շանթ Հարությունյանի գործերը` Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասերով առաջադրված մեղադրանքներով` «սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» եւ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու» համար:

Մյասնիկ Մալխասյանին, ի լրումն վերը նշված հոդվածների, մեղադրանք է ներկայացվել նաեւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով` ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները անձամբ ղեկավարելու համար:

Սասուն Միքայելյանին, 225-րդ հոդվածի 3-րդ եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներից բացի, ներկայացվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով` «ապօրինի զենք կրելու» համար:

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ մինչեւ դեկտեմբերի 9-ը «7-ի գործով» պաշտպանական կողմը, յուրաքանչյուր պաշտպանյալի համար առանձին միջնորդություններ է ներկայացրել` քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաեւ մեկ ընդհանուր միջնորդություն` քրեական գործը ընդհանրապես կարճելու համար:

«Դատավոր [Մնացական] Մարտիրոսյանը դատաքննության օր է նշանակել դեկտեմբերի 19-ին: Ստացվում է այնպես, որ ինքը արդեն կարողացավ հասցնել գործի նյութերին ծանոթանալ եւ դատաքննություն նշանակեց: Նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէր այդ կարճ ժամանակահատվածում, գոնե ընդհանուր բնույթի հատորներ` 5-6-ը ընթերցել», - պնդեց Արսենյանը:

«7-ի գործի» նյութերը կազմում են 41 հատոր` 12 հազար էջ:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG