Մատչելիության հղումներ

Կառավարության ներկայացուցիչները ընդունել են անհատ տաքսու վարորդների պատվիրակությանը


Կառավարության ներկայացուցիչների հետ այսօր բանակցած անհատ տաքսու վարորդների պատվիրակության անդամներից Գեւորգ Դոստուրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ կառավարությունը համաձայնել է որոշակի զիջումների:

Առավոտվանից անհատ տաքսու վարորդները (իրենց մեքենաներով) հավաքվել էին Կառավարության շենքի մոտ: Ցուցարարների պահանջները չեն փոխվել. չեղյալ հայտարարել ոլորտի կարգավորման վերաբերյալ կառավարության` ավելի վաղ կայացրած որոշումը:

Նրանք պահանջում են, որ իրենք հաստատագրված հարկեր վճարեն եռամսյակի կամ առնվազն կիսամյակի կտրվածքով, ինչը նրանց կազատի անհատ ձեռներեցի կարգավիճակով ենթադրվող հարկման եւ հաշվետվություններ ներկայացնելու բարդ համակարգից: Նաեւ պահանջում են անհատ վարորդների համար չեղյալ համարել դեղին պետհամարանիշներ կրելու պարտադրանքը, ինչպես նաեւ` մեղմացնել ավտոմեքենաների տարիքի համար սահմանված 10 տարվա սահմանափակումը:

Վարորդների պատվիրակության հետ կառավարության ներկայացուցիչների հետ բանակցություններին մասնակցել է նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյանը («Ժառանգություն»):

Նրանց, ի թիվս կառավարության այլ պաշտոնյաների, ընդունել են տրանսպորտի եւ կապի փոխնախարարը եւ կառավարության աշխատակազմի ղեկավարը:

Գեւորգ Դոստուրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ իրենց խոստացել են մինչեւ հունվարի 15-ը չարգելել երթեւեկել սպիտակ պետհամարանիշներով:

Հարցին, թե ինչ է խոսվել հարկման մեխանիզմների առնչությամբ, Դոստուրյանը պատասխանեց. - «Բողոքի պատճառը գանձման մեխանիզմը պարզեցնելու հետ է կապված: Առաջարկվող օրենքով, որով պահանջում են գրանցվել որպես անհատ ձեռներեց, ծագում է պարտավորություն, որ պետք է հաշվետվություն տան վարորդները: Եվ դա այն դեպքում, երբ ե’ւ եկամտահարկը, ե’ւ սոցվճարը, ե’ւ պետտուրքը ֆիքսված հարկեր են: [Մենք պահանջում ենք], որ մարդիկ ստիպված չլինեն հարկայինում երեք ամիսը մեկ հաշվետվություն տալու ֆիքսված հարկերի վերաբերյալ: Բացի դա, ամիսը մեկ էլ պետք է վիճակագրական հաշվետվություն տաս... Հարկը ֆիքսված է, դրա անհրաժեշտությունը չկա»:

Ըստ նախնական պայմանավորվածության, մեկ շաբաթից ցուցարարների պատվիրակությունը հանդիպում կունենա տրանսպորտի եւ կապի նախարարի հետ:


Տիգրան Ավետիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG