Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն կոնսուլտացիաները ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ


Անցած շաբաթ Մոսկվայում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կոնսուլտացիաները համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ:

«Մենք պայմանավորվեցինք, որ երկու երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն մյուս շաբաթ եւ կշարունակեն կոնսուլտացիաները, թե ինչ համատեղ խնդիրներ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի մեղմենք ֆինանսական, տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Հայաստանի վարչապետը:

2008 թվականը, Տիգրան Սարգսյանի խոսքով, «բեկումնային» կարելի է համարել Հայաստանում ռուսաստանյան ներդրումների առումով:

«Աննախադեպ էին մասնավոր ներդրումները Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ: Ձեռնարկությունների քանակը ռուսական կապիտալով արդեն հազարից ավելի է, նրանք բավականին դինամիկ եւ էֆեկտիվ զարգանում են Հայաստանի Հանրապետությունում, եւ, բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ ներդրումները չնվազեն այս ճգնաժամային երեւույթների հետեւանքով», - ասաց Հայաստանի վարչապետը:

Ռուսաստանի վարչապետի գնահատմամբ, երկու երկրների տնտեսական հարաբերությունները «ակտիվորեն զարգանում են», ինչի մասին վկայում են 2008-ի ներդրումները Հայաստանի տնտեսությունում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG