Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Հայաստանը կշարունակեն կոնսուլտացիաները ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով երեկ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպում է ունեցել իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կոնսուլտացիաները համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները մեղմելու ուղղությամբ:

«Մենք պայմանավորվեցինք, որ երկու երկրների ֆինանսների նախարարները կհանդիպեն մյուս շաբաթ եւ կշարունակեն կոնսուլտացիաները, թե ինչ համատեղ խնդիրներ, ծրագրեր կարող ենք իրականացնել, որպեսզի մեղմենք ֆինանսական, տնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց Հայաստանի վարչապետը:

2008 թվականը, Տիգրան Սարգսյանի խոսքով, «բեկումնային» կարելի է համարել Հայաստանում ռուսաստանյան ներդրումների առումով:

«Աննախադեպ էին մասնավոր ներդրումները Ռուսաստանից Հայաստանի տնտեսության մեջ: Ձեռնարկությունների քանակը ռուսական կապիտալով արդեն հազարից ավելի է, նրանք բավականին դինամիկ եւ էֆեկտիվ զարգանում են Հայաստանի Հանրապետությունում, եւ, բնականաբար, մենք շահագրգռված ենք, որպեսզի այդ ներդրումները չնվազեն այս ճգնաժամային երեւույթների հետեւանքով», - ասաց Հայաստանի վարչապետը:

Ռուսաստանի վարչապետի գնահատմամբ, երկու երկրների տնտեսական հարաբերությունները «ակտիվորեն զարգանում են», ինչի մասին վկայում են 2008-ի ներդրումները Հայաստանի տնտեսությունում:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG