Մատչելիության հղումներ

Մամեդյարով. - «Մադրիդյան սկզբունքների որոշակի փոփոխություններ են ներկայացվել»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր Հելսինկիում ասել է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Կուշները, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը, ովքեր երեկ կարճատեւ մասնակցություն են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, որոշ լրացումներ, ուղղումներ են առաջարկել Մադրիդյան սկզբունքներում, որոնք կուսումնասիրվեն եւ կքննարկվեն երկու երկրների արտգործնախարարների եւ նախագահների հետագա հանդիպումներում:

Նա ասել է, թե երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա հաջորդ տարվա ընթացքում:

Երեկ հրապարակված համատեղ հայտարարությունում Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Ռուսաստանը եւս մեկ անգամ ընդգծեցին, թե համոզված են, որ ղարաբաղյան հակամարտության համար ռազմական լուծում չկա, եւ որ այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, կողմերին կոչ արեցին շարունակել աշխատանքը եւ առաջիկա ամիսներին ձեռք բերել շրջանակային պայմանավորվածություն ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ:

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները նաեւ ելույթներ ունեցան Նախարարների խորհրդի լիագումար նիստում: Ինչպես Էդվարդ Նալբանդյանը, այնպես էլ Էլմար Մամեդյարովը դրական գնահատեցին Մոսկովյան հռչակագիրը:

Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ մոսկովյան հանդիպմանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները նոր թափ ստացան, որ ստորագրված հռչակագիրը պաշտպանում են միջնորդները, համանախագահները եւ հույս հայտնեց, որ այն կարագացնի խաղաղ գործընթացը:

Նալբանդյանը, միաժամանակ, նշեց, որ Ադրբեջանի կողմից ոչ ճիշտ մեկնաբանություններ եղան, որոնք հեռու էին հռչակագրի ձեւակերպումներից. - «Այն աստիճան, որ նույնիսկ ասվել է, թե խաղաղ կարգավորումը չի բացառում է ուժի կիրառումը: Կուզեի իմանալ, արդյո՞ք այս սեղանի շուրջ ուրիշ երկիր կա, որը կարող է նման ձեւով մեկնաբանել շատ պարզ արտահայտությունը` խաղաղ քաղաքական լուծումը»:

Էդվարդ Նալբանդյանը նշել է բանակցային գործընթացին չնպաստող մեկ այլ օրինակ` ասելով, թե Հելսինկիում ադրբեջանական պատվիրակության կողմից տարածվել է ոչ պաշտոնական, սադրիչ գրություն, որը ինքը չի մեկնաբանի:

Ադրբեջանական պատվիրակությունը ոչ պաշտոնական մի գրություն էր տարածել` նշելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքները. առաջին հերթին, այն պետք է լուծվի` պահպանելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Էլմար Մամեդյարովը լիագումար նիստի իր ելությում նախ ընդհանուր առմամբ ընդգծեց պետությունների տարածքային ամբողջականությունը պահպանելու անհրաժեշտությունը` այն ներկայացնելով որպես անվտանգության հիմնական սկզբունքը, ասաց, որ Մոսկովյան հռչակագիրը դիտարկում են որպես կարեւոր փաստաթուղթ, որը լավ հիմք է ստեղծում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման համար:

Շարունակելով` Մամեդյարովը հիշեցրեց ընդունված փաստաթղթերը, այդ թվում` ՄԱԿ-ի բանաձեւերը, եւ ասաց, թե այդ բոլոր փաստաթղթերը ընդունում են, որ հակամարտության կարգավորման հիմքում պետք է ընկած լինի Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումը:

Մամեդյարովի ներկայացմամբ` Մոսկովյան հռչակագիրը հաստատում է հակամարտության կարգավորման փուլային տարբերակը` միջազգային երաշխիքների ներքո, եւ որ դա հակամարտ կողմերը եւ միջնորդները ընդունել են որպես իրական հնարավորություն:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդը այսօր Հելսինկիում ասել, որ ինքը առաջարկել է միջազգային միջնորդներին եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին «աշխատել կարգավորման հասնելու ուղղությամբ, որը երբեք այսքան մոտ չի եղել»:


Հրաչ Մելքումյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG